Անիրատեսական է փոփոխություն ակնկալել Սարգսյան-Ալիեւ հանդիպումից

PanARMENIAN.Net - Անիրատեսական է փոփոխություն ակնկալել Սարգսյան-Ալիեւ հանդիպումից: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:



«Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանում հասարակական համաձայնություն կա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հայաստանում այն այսպիսին է` անհնար է կարգավորել հակամարտությունն առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հարցնելու: Ղարաբաղցիները մանկահասակ երեխաներ չեն, որոնց փոխարեն մեծ քեռիներն ու մորաքույրները պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Եթե փորձեն նման բան անել, ապա դա այնպիսի արձագանք կարող է ստանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, որն ուղղակի կձախողի բանակցային գործընթացը»,-ասել է Իսկանդարյանը:



Ըստ նրա, Ղարաբաղում կա հասարակական կոնսենսուս, որն այսպես է ձեւակերպվում` «ոչ մի թիզ հող»; «Ղարաբաղի անվտանգության երաշխիքը աշխարհագրական դասավորությունն է եւ բանակը: Միջազգային հանրության ու Ադրբեջանի երաշխիքներին Ղարաբաղի ժողովուրդն ուղղակի չի հավատում: Իսկ Ադրբեջանում հասարակական կարծիքը հետեւյալն է` ցանկացած լուծում պետք է բացառի Ղարաբաղի դուրս գալը Ադրբեջանի կազմից: Դա են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները, մամուլը, սահմանադրությունը, որը թույլ չի տալիս հանրաքվեի անցկացում Ադրբեջանի առանձին հատվածներում»,-հիշեցրել է քաղաքագետը:



Ինչպես ընդգծել է Ա.Իսկանդարյանը, տարիներ են հարկավոր, որպեսզի կողմերը «շրջանակային մշուշոտ սկզբունքներից» անցնեն ղարաբաղյան հակամարտության բազմաթիվ խնդիրների լուծման: «Իսկ դա կլինի այն դեպքում, եթե կողմերի կոնսենսուսների միջեւ համաձայնություն ձեռք բերվի: Իսկ համաձայնություն չկա, ուստի Մոսկվայում ոչ մի նոր բան տեղի չի ունենա: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհայտարարեն, որ կա առաջընթաց, որը կշարունակվի»,-ասել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---