«Ժառանգություն» կուսակցությունը չի բացառում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակներս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ Հայաստանի իշխանությունների վարած սեւ փիարն ինձ առիթ է տալիս մտածելու, որ աշնանը չեն բացառվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:



Նրա խոսքով, այդ մտքին հրահրում է այն փաստը, որ այդ քարոզարշավը սկսվել է հենց հիմա եւ «Ժառանգություն» կուսակցության ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից բազմակի հերքումներից հետո, միեւնույնն է, այն շարունակվում է: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ «իշխանությունների տեղեկատվական հարձակումները տարածվում են հեռուստատեսության օգնությամբ, իսկ հերքումները հրապարակվում են միայն տպագիր ԶԼՄ-ում»:



«Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղարը նաեւ հայտնել է, որ այսուհետ «Ժառանգության» մարտավարությունը կփոխվի, եւ ընդդիմության շարքերում կուսակցությունն առավել ինքնուրույն եւ կենտրոնամետ դիրքորոշում կզբաղեցնի, քանի որ անցել են այն ժամամակները, երբ հարկավոր էր օժանդակել միասնական թեկնածուին: «Մենք գտնում ենք, որ ընդդիմության միասնական առաջնորդի օժանդակման փուլն արդեն անցել է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է մշակի իր մարտավարությունը»,- ընդգծել է Հովսեփ Խուրշուդյանը:



Լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք աշնանը սպասվում է ներքին քաղաքական դաշտի լարվածության ուժեղացում, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանել է, որ ամառը նույնպես բավական «թեժ» է, եւ ինքն աշնանը Հայաստանի քաղաքական դաշտում ճակատագրական շրջադարձեր չի սպասում:



Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հայտնել է, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 1992թ. ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում ստորագրել է մի փաստաթուղթ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին:
 Ուշագրավ
---