Հայաստանում մայրենի լեզվով կնշագրեն ոչ պարենային ապրանքը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը լրագրողներին հաղորդել է, որ Հայաստան ներկրվող ոչ պարենային ապրանքի մոտ 80% իրացման պահին չունեն հայերեն լեզվով նշագրումներ:



Եղոյանի խոսքով, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունն անցկացրել է քիմիկատներ պարունակող ապրանքի, այդ թվում` մաքրող եւ լվացող միջոցների, օծանելիքի եւ շպարի, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկայի դիտարկումներ եւ հայտնաբերել, որ այդ ապրանքների մեծ մասը չունի հայերեն նշագրում, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին:



Ինչպես պարզաբանել է կազմակերպության ղեկավարը, քիմիկատներ պարունակող ապրանքները կարող է են վնասակար լինել սպառողների առողջության համար, ուստի նրանք պետք է հասանելի լեզվով լիարժեք տեղեկություն ստանան արտադրանքի կամ ապրանքի մասին նախքան այն գնելը: «Կա նաեւ ապրանքների որոշակի ցանկ, որոնք ժամկետն անցնելուց հետո կարող են վնաս հասցնել սպառողների առողջությանը, ունեցվածքին եւ շրջակա միջավայրին»,- նշել է Աբգար Եղոյանը եւ ավելացրել, որ նման տեսակի արտադրանքի մասին տեղեկատվությունը պետք է անպայման լինի ապրանքների վրա: Նա նաեւ հաղորդել է, որ այդ ապրանքների ցուցակը ներկա պահին գտնվում է Հայաստանի կառավարության հաստատման գործընթացում:



Անդրադառնալով կենցաղային տեխնիկային` Եղոյանը նշել է, որ բացի նշագրումից անհրաժեշտ է հայերեն թարգմանել նաեւ արտադրանքի շահագործման ցուցումները: Քանի որ մեր շուկայում կա նման կենցաղային ապրանք, որոնց օգտագործման ցուցումները չկան անգամ ռուսերեն լեզվով, ապա, ինչպես նշել է Եղոյանը, դա կարող է հանգեցնել եւ հանգեցնում է արտադրանքի փչանալուն եւ երաշխագրով վերանորոգելու անհնարինությանը, քանի որ արտադրանքը ոչ պիտանի է դարձել սպառողի պատճառով, որն իր հերթին չի կարողացել կարդալ ցուցումները:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---