Հակոբ Չաքրյան. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ մի մերձեցում չկա

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բարդացման մեջ ինչ-որ առումով մեղավոր են ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը, որոնք ողջունել են այդ նախաձեռնությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հակոբ Չաքրյանը : Նրա խոսքերով, իրենց ելույթներով ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն այնպիսի տպավորություն են ստեղծել, որ Հայաստանը մերձենում է Թուրքիայի հետ:



«Հարցը ոչ թե մերձեցման, այլ երկխոսության մեջ է, որի արդյունքը պետք է լիներ հայ-թուրքական սահմանի բացումը: Ի՞նչ մերձեցման մասին է խոսքը, եթե Թուրքիան մինչ այժմ չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ նախապայմաններից», -ասել է Հակոբ Չաքրյանը: Ընդ որում նա նշել է, որ վերջին ժամանակներս այսպես կոչված «մերձեցման» գործընթացը կանգնել է: Համանման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, ավելացրել է հայ փորձագետը:



«Ռուս-վրացական պատերազմից հետո Թուրքիան հանդես է եկել Կովկասում կայունության պլատֆորմի ստեղծման առաջարկությամբ: Տվյալ նախագծի նպատակը Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվությունը ցույց տալն է: Հենց այդ նախաձեռնության օգնությամբ էլ Անկարան դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամը», - նշել է Հակոբ Չաքրյանը:



Թուրքագետը նաեւ նշել է, որ հայ-թուրքական երկխոսությունը ձախողվել է այն բանից հետո, երբ թուրքական կողմը հայտարարել էր, որ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում առաջընթաց չի լինի, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել:



«Ես կարծում, որ ճիշտ չի լինի, եթե հայկական կողմը հրաժարվի ֆուտբոլային խաղին ներկա գտնվելուց, քանի որ այս դեպքում Հայաստանը կդիտարկվի որպես մի երկիր, որը հակադրվում է խաղաղ կարգավորմանը», - ասել է հայ փորձագետը:



ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին:



Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---