Անկարան անում է ամեն ինչ, որպեսզի Երեւանը ներկայացնի որպես հայ-թուրքական գործընթացի դանդաղելու մեղավոր

PanARMENIAN.Net - Վերջին 2-3 ամիսների ընթացքում հայ-թուրքական փոխհարաբերություններում իրական փոփոխություններ չեն նկատվում: Հայաստանը բազմիցս հայտարարել է իր դիրքորոշման մասին` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «Այդ գործընթացում վերջին զարգացումը դարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը Թուրքիա կմեկնի պատասխան հանդիպումը դիտելու միայն այն դեպքում, եթե սահմանը բացվի կամ էլ կողմերը Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին լինեն: Այդ հայտարարությանն ընդմիջում հաջորդեց, սակայն գործընթացը, թեեւ աննկատ, բայց զարգանում է: Դրանից ելնելով` ինձ թվում է, որ սեպտեմբերին մենք որոշակի քայլերի վկան կդառնանք»,- նկատել է հայ փորձագետը:



Նրա խոսքով, գործընթացի «արգելակման» պայմաններում Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհի ցույց տա, որ գործընթացի դանդաղելու պատճառը Հայաստանն է: «Տարօրինակ չէ, որ ՀՀ ղեկավարի հայտարարությունը թուրքական ԶԼՄ-ները բնորոշեցին որպես հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար Երեւանի կողմից առաջադրված նախապայման: Թուրքիայում արդեն բոլոր նախապայմաններն են ստեղծում, որպեսզի Հայաստանին մեղադրեն ապակառուցողական դիրքորոշման մեջ, եթե Սերժ Սարգսյանը չմեկնի պատասխան հանդիպմանը»,- ընդգծել է Կարեն Բեկարյանը:



2010թ. Աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` Աթաթյուրքի անվան մարզադաշտում:
 Ուշագրավ
---