Սեպտեմբերի 8-ից 15-ը Քշիշթոֆ Զանուսսին վարպետության դասեր կանցկացնի ապագա հայ կինեմատոգրաֆիստների համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ից 15-ը Երեւանում տեղի կունենան «Ոսկե Ծիրան» բարձրագույն կինոդպրոցի վարպետության դասեր, որոնք կանցկացնի հայտնի լեհ կինոռեժիսոր Քշիշթոֆ Զանուսսին:



«Քշիշթոֆ Զանուսսին լեհական կինոյի փիլիսոփան է: Նա այն երեքից մեկն է, ով իր կինոնկարներում ձեւավորել եւ զարգացրել է եվրոպական մտածելակերպը: Նրա շնորհիվ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը դուրս է եկել եվրոպական կինեմատոգրաֆիայի հարթակ», - այսօր մամլո ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:



«Երիտասարդության հետ հանդիպումը հետաքրքիր եւ համարձակ քայլ է, որովհետեւ երիտասարդությունը գալիս է մեզ փոխարինելու», - իր հերթին ասաց Քշիշթոֆ Զանուսսին եւ հավելեց, - «Ես համոզված եմ Հայաստանում երիտասարդության հետ աշխատանքը կլինի բավական հետքրքիր: Ինչպես միշտ, վարպետության դասերի ժամանակ մենք շատ հաճախ իմպրովիզելու ենք եւ նկարահանելու ենք ֆիլմ դրամատիկ լարվածությամբ, ինչն այսօր այդքան պակասում է եվրոպական կինոյի համար: Ուսանողները նկարահանելու են ֆիլմերը դուբլերով. առաջին դուբլ, այնուհետեւ քննարկում, երկրորդ եւ այլն»:



Մամլո ասուլիսի ժամանակ ներկա էր նաեւ Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քշեմիսլավ Գռաբովսկին, ով կարեւորեց նմանատիպ միջոցառումների կարեւորությունը: «Մեզ համար չափազանց կարեւոր է պահպանել եւ խորացնել մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունը: Հենց այս տարին էլ Հայաստանում կլինի լեհական կինոյի տարի, իսկ հաջորդ տարի ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանում կազմակերպվելու է միջոցառումների շարք` նվիրված լեհ հանրահայտ կոմպոզիտոր Շոպենի 200-ամյակին»:



Դեռ օգոստոսի 1-ին «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարել էր 2009 - 2010 ուսումնական տարվա ընդունելություն: Ընդունվել էին ավելի քան 85 դիմումներ, այդ թվում 70-ը Հայաստանից, իսկ 15-ը Վրաստանից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Ռումինիայից եւ Մոլդովայից:



«Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հիմնադրվել է <<Ոսկե ծիրան>> երեւանյան միջազգային կինոփառատոնի կողմից 2008թ.-ին: Առաջին վարպետության դասը անց է կացրել հայկական ծագում ունեցող կանադացի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը: 2008 թ.-ի նոյեմբերին կազմակերպվել էր երկրորդ վարպետության դասը, որն անց կացրեց Իրանացի կինոռեժիսոր, սցենարիստտ եւ պրոդյուսեր Աբբաս Քյարոստամին: Վարպետության դասերի ունկնդիր էին հանդիսացել 30 ուսանողներ: Շաբաթվա ընթացքում ստեղծվել էին շուրջ 17 կարճամետրաժ ֆիլմեր: 2009-ի ապրիլին կայացավ եւս մեկ վարպետության դաս, որն անցկացվեց հայ կինոյի վարպետների կողմից:



Ծրագիրն իրականացվում է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության ֆինանսական աջակցությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության համագործակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---