Հայաստանի եզդիները առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանը բացելու կողմից են

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր նշանակություն ունի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եզդիների ազգային համաշխարհային միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Այդ հարաբերությունների կարգավորումը կարեւոր դեր է խաղում, բայց ինձ ավելի շատ մտահոգում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների հրապարակումից հետո ստեղծված ներքին քաղաքական դրությունը Հայաստանում»,- նշել է Ազիզ Թամոյանը` Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով Արձանագրությունների վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ եւ չսրել իրադրությունը երկրում:



Ազիզ Թամոյանը նկատել է, որ ծանոթ չէ Արձանագրությունների հետ, բայց հայտնել է, որ Հայաստանը երբեք չպետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարից: Եզդիների ազգային համաշխարհային միության նախագահի խոսքով, Հայաստանը չպետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջությունը, քանի որ, ըստ Ազիզ Թամոյանի, Արեւմտյան Հայաստանը հայերի հայրենիքն է: «Ես կողմ եմ, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց դա պետք է առանց նախապայմանների տեղի ունենա: Այդ ենթատեքստում ինձ մտահոգում են թուրքական վարչապետի հայտարարություններն այն մասին, որ սահմանը կբացվի միայն Ղարաբաղից հայկական ուժերի հեռանալուց հետո: Հայ-թուրքական սահմանի բացումը շահեկան է լինելու ինչպես հայերին, այնպես էլ թուրքերին»,- հայտնել է նա:
 Ուշագրավ
---