1 հոկտեմբերի 2009 - 14:09 AMT
Հայաստանին ու Սփյուռքին անկեղծ երկխոսություն է հարկավոր
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Իտալիայի հայերի միությունը նույն մտավախություններն ունի, ինչ Սփյուռքի մյուս ներկայացուցիչները: Այդ մասին Իտալիայում լրագրողներին է հայտարարել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը: Նրա խոսքերով, Սփյուռքի համար այնքան էլ հասկանալի չէ Հայաստանի նոր քաղաքականությունը եւ ՀՀ կառավարությունը պարտավոր է առավել հստակ պարզաբանել իր գործողությունները:

Նա նաեւ նշել է, որ սփյուռքահայերի մտավախությունները շատ խորը արմատներ ունեն: «Բանը ոչ թե հայ-թուրքական երկխոսությունը մերժելու մեջ է, այլ այն մանրամասների եւ մասնակի հարցերի մեջ, որոնք պարզաբանման կարիք ունեն», ասել է Սվազլյանը:

«Երկխոսության միջոցով Հայաստանն ու Սփյուռքը կկարողանան հասկանալ, թե ինչու են ՀՀ իշխանություններն այս ուղին ընտրել»,-ասել է նա` հավելելով, որ այն բացասական զգացմունքները, որոնք տարիներով կուտակվել են Թուրքիայի հանդեպ, հնարավոր չէ վերացնել մի քանի օրվա ընթացքում: