1 հոկտեմբերի 2009 - 14:21 AMT
Հայաստանն ու Սփյուռքը կարող են դիմակայել դժվարություններին, որոնք կլինեն հայ-թուրքական սահմանի բացման գործընթացում
«Որպես պատմական գիտությունների դոկտոր եւ դեսպան, երկու տեսակետներից` գիտական եւ դիվանագիտական, ես դրական եմ գնահատում հայ-թուրքական սահմանի բացումը, որը նախաձեռնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,-Հռոմում PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը: Նրա խոսքերով, սա շատ խիզախ քայլ է նախագահի կողմից, քանի որ բոլորին է հայտնի, թե սա որքան նուրբ ու ցավոտ հարց է հայրենիքում եւ սփյուռքում բնակվող հայերի համար:

Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կընթանա այնպես, ինչպես նախաձեռնվել է ղեկավարության կողմից եւ «ոչ մի խոչընդոտի չի հանդիպի»: «Չնայած նրան, որ Հայաստանում եւ սփյուռքում մեծ մտահգություն կա այս հարցի վերաբերյալ, դիմակայություն ու հասկացվելու պակաս, նախագահը եւս ասել է, որ մտահոգություններ կարող են լինել, սակայն մենք բոլորս միասին պետք է քննարկենք եւ հաղթահարեքն դժվարությունները»,-ասել է դեսպանը:

Իսկ այն, որ գործընթացը պատմական նշանակություն ունի, ըստ Կարապետյանի, ոչ ոք չի կարող ժխտել: «Ուղղակի մենք պետք է հավատանք մեր ուժերին, ինչպես ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, եւ ըստ նախապես ծրագրված գործընթացի որպես միասնական ուժ` Հայաստանի Հանրապետությունն ու Սփյուռքը, պետք է կարողանանք հակազդել բոլոր հնարավոր մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ այս ճանապարհին»,-ասել է դեսպանը: