7 հոկտեմբերի 2009 - 21:57 AMT
Հայաստանը ինչպես դե-յուրե, այնպես էլ դե-ֆակտո ճանաչում է Թուրքիայի սահմանները
Հայաստանի քաղաքականությունը բխում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն գոյություն ունեցող սահմանից, որը պետք է բացվի: Այդ մասին հոկտեմբերի 7-ին` ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սագսյանը` պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցին այն մասին, թե ինչպիսին է ՀՀ կառավարության պաշտոնական տեսակետը հայ-թուրքական սահմանի իրավական հիմքերի վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ-ն ինչպես դե-յուրե, այնպես էլ դե-ֆակտո ընդունում է այն սահմանները, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ ժամանակ, եւ ՀՀ-ն` որպես Հայաստանի ՍՍՀ իրավահաջորդ, ժառանգել է այդ սահմանները:

Նա նաեւ ավելացրել է, որ այսօր, ելնելով քաղաքական պրագմատիզմից, իրատեսական չէ կասկածի տակ դնել Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանները: «Իհարկե, նման քննարկումներ դեռ կլինեն, բայց մենք ընտրում ենք այն իրականությունը, որը ժառանգել ենք»,- իր խոսքն ամփոփել է Հայաստանի վարչապետը: