Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի ներդրումը հայապահպանության գործում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության պատվիրակությանը` «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանի գլխավորությամբ:



Ողջունելով հյուրերին Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ Գալուստ Կյուլպենկյանի գործունեությունն ու վաստակը մեզանում գնահատված են, իսկ նրա բարեսիրական աշխատանքը վերածվել է ուսանելի օրինակի ու փորձառության: Գործադիրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու այն ներդրումը, որ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը բերում է հայապահպանության գործին ու հայագիտության զարգացմանը: Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է հիմնադրամի գործունեությամբ եւ Հայաստանի կողմից աջակցության ցուցաբերման հնարավորությամբ, ինչպես նաեւ հաստատության Հայաստանում ու Սփյուռքում իրականացվող ու նախատեսվող ծրագրերով:



Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հիմնադրամի ներկայացուցիչներին, որ վարչապետի նախաձեռնությամբ ու հանրային-մասնավոր հատվածի համագործակցությամբ ձեւավորված Ազգային մրցունակության խորհրդի ու հիմնադրամի միջեւ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության հնարավորություններ` մասնավորապես կրթական ծրագրերի իրականացման ոլորտում: Այդ համատեքստում հյուրերին ներկայացվել են նաեւ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը, մասնավորապես աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին տրամադրվող աջակցության ծրագիրը:



ՀՀ վարչապետը վերահաստատել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության շնորհակալ գործունեության նկատմամբ կառավարության բարձր գնահատականն ու շեշտել է մասնավորապես վերջին 18 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանին տրամադրված օժանդակության փաստը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հիմնադրամի պատասխանատուների այցը նոր լիցք կհաղորդի փոխադարձ համագործակցության զարգացմանն ու հիմնադրամի հայանպաստ գործունեության շարունակականությանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---