15 հոկտեմբերի 2009 - 17:19 AMT
Ընդդիմության պառակտված պայքարն Արձանագրությունների դեմ ապարդյուն կլինի
«Ինչպես հայտնի է միջազգային եւ թուրքական մամուլի հրապարակումներից, Թուրքիան խնդիրներ չունի հայ-թուրքական արձանագրությունների բովանդակության հետ եւ կանի ամեն ինչ, այդ փաստաթղթերը վավերացնելու համար»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, վերը նշված փաստերից պարզ է դառնում, որ Թուրքիան ձգտում է առավելագույնը ստանալ հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացից: Նա նաեւ հավելել է, որ դրա պատճառն, առաջին հերթին, ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմիությունն է եւ ընդդիմության պառակտումը: «ՀՀ ղեկավարությունն այժմ ավելի շուտ լուծում է իր շրջապատում առաջնության հարցերը, քան ներքին ու արտաքին քաղաքականության հարցերը, իսկ ընդդիմության անմիասնական ուժերը հետագայում եւս ապացուցելու են, թե որքան իրավացի էին` նախազգուշացնելով Արձանգրությունների բացասական հետեւանքների մասին»,-ասել է Սաֆարյանը:

Անդրադառնալով կուսակցության ապագա գործողություններին` Սաֆարյանը նշել է, որ «Ժառանգության» քաղաքական թիմը կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք դեմ են Արձանագրություններին, դրանց վավերացումը ձախողելու համար: