WSJ. Լավագույն դեպքում Թուրքիան անհուսալի գործընկեր կլինի

PanARMENIAN.Net - Եվրամիությունը վաղուց արդեն բանավիճում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դրական եւ բացասական կողմերի մասին: Սակայն այսօր, երբ արդեն գրեթե 10 տարի է անցել Անկարայում իսլամիստների իշխանության գալուց հետո, գլխավոր հարցն այն չէ, ընդգրկել է թե ոչ Թուրքիային Եվրոպայի տնտեսական ու քաղաքական կառույցներում, այլ ավելի շուտ այն, թե կկարողանա այդ երկիրը մնալ Արեւմուտքի ռազմական կառուցվածքի շրջանակներում, թե ոչ: Այդ մասին գրում է Դեւիդ Շենկերը The Wall Street Journal-ի «ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի՞» հոդվածում:



Ըստ Շենկերի, վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը նախկինի պես հանդես է գալիս երկրի աշխարհի եւ արեւմտամետ կողմնորոշման օգտին եւ հավատարիմ է ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքներին: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի քաղաքացիական իսլամիստական կառավարությունը Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավարությամբ, կարծես թե, այլ գաղափարներ է որդեգրել: Անկարան տանը գնալով ավելի հաճախ է վարում անհանդուրժողականության քաղաքականություն, հետապնդելով անկախ ԶԼՄ-ներին, համագործակցելով Մերձավոր Արեւելքի ռազմաշունչ հակաարեւմտյան ռեժիմների հետ:

«Անկարայի քաղաքական փոփոխությունների վերջին ապացույցը եղավ մերժումը Իսրայելին, որը պետք է մասնակցեր ՆԱՏՕ-ի զորավարժություններին Թուրքիայի տարածքում: Ավելի վատ էր այն, որ այն նույն օրը, երբ Իսրայելը մերժում ստացավ, Թուրքիան հայտարարեց Սիրիայի հետ համատեղ զորավարժությունների մտադրության մասին, որին ԱՄՆ-ն ներառել է «ահաբեկչությանը հովանավորող երկրների» ցանկում: Իսկ այդ իրադարձություններից մի քանի շաբաթ առաջ Անկարան ու Դամասկոսը ստեղծեցին «ռազմավարական համագործակցության խորհուրդ»: Այս ամենը կարող է ազդանշան լինել հրեական պետության հետ Թուրքիայի սերտ ռազմական եւ տնտեսական փոխգործակցության ավարտի մասին: Դեռեւս վաղ է Թուրքիային ջնջելը ՆԱՏՕ-ի ցուցակներից, սակայն մոտ ապագայում ՆԱՏՕ-ն կարող է նման որոշում կայացնելու անհրաժեշտության առջեւ հայտնվել: 2014թ. ՆԱՏՕ-ն նոր սերնդի Joint Strike Fighter կործանիչ կունենա: Հաշվի առնելով թուրքական քաղաքականության այսօրվա ուղղվածությունը, հարկ է լրջորեն մտածել` արժե արդյոք նման առաջատար տեխնիկա վստահել Անկարային: Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն մտահոգվի Թուրքիայի համար ամենահոռետեսական սցենարի մասին: Նույնիսկ եթե այդ պետությունը շարունակի մեր գործընկերը մնալ ՆԱՏՕ-ում, լավագույն դեպքում Թուրքիան անհուսալի գործընկեր կլինի: Սկսած 20-րդ դարի 30-ականներից, այդ երկիրը եղել է արդիականացման ու զսպվածության օրինակ Մերձավոր Արեւելքում: Սակայն եթե իրավիճակը չառողջանա, Արեւմուտքը կարող է կորցնել Թուրքիային: Եթե նման բան պատահի, դա կդառանա ամենադրամատիկ իրադարձությունը տարածաշրջանում 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից հետո»,-ասում է Վաշինգտոնի Մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի արաբական քաղաքականության ծրագրի տնօրենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---