9 նոյեմբերի 2009 - 18:18 AMT
Լույս է տեսել «Եկեղեցական մատենագրության» IV հատորը` Հովհան Որոտնեցու ճառերը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Եկեղեցական մատենագրություն» շարքի IV հատորը` Սուրբ Հովհան Որոտնեցու մեկնողական-իմաստասիրական ճառերը:

Հատորը պարունակում է XIV դարի Հայ Եկեղեցու նվիրյալ սպասավոր ու ականավոր աստվածաբան, մանկավարժ եւ փիլիսոփա Հովհան Որոտնեցու մեկնողա-իմաստասիրական բնույթի յոթ ճառերի քննական բնագրերը` կից ծանոթագրություններով ու ներածական ուսումնասիրությամբ հրատարակության պատրաստված Անուշ Մինասյանի կողմից: Աշխատությունը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Հովհան Որոտնեցին (1315-1386) հայ փիլիսոփա, մանկավարժ, եկեղեցական ու քաղաքական գործիչ է եղել: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Գլաձորի համալսարանում: 1345թ. հիմնադրել է Տաթեւի համալսարանը` միջնադարյան Հայաստանի խոշորագույն գիտական եւ մշակութային կենտրոնը: Զարգացրել է արիստոտելիզմի ավանդույթները: Հովհան Որոտնեցու ամենամեծ աշխատանքները Արիստոտելի եւ Պորփիրիոսի աշխատանքների մեկնաբանություններն են: Հովհան Որոտնեցու աշակերտն ու հետեւորդն է եղել Գրիգոր Տաթեւացին: