12 նոյեմբերի 2009 - 17:25 AMT
«Ժառանգության» պատգամավորն անհանգստացած է 2010թ. Հայաստանի պաշտպանության համար ծախսերի կրճատմամբ
2010 թվականի Հայաստանի պետբյուջեի օրինագիծը ոչ մի կապ չունի երկրի շարքային քաղաքացիների հետ: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, պետբյուջեի օրինագիծը սոցիալական ոլորտում ծախսերի կրճատում է ենթադրում:

Բացի դրանից, «Ժառանգության» պատգամավորն անհանգստություն հայտնեց 2010թ. Հայաստանի պաշտպանության համար ծախսերի կրճատման եւ հասարակական կարգի ապահովման համար ծախսերի ավելացման առիթով: «Պետբյուջեով 2010 թվականին ծրագրվում է ՀՀ Պաշտպանության նախարարության 116 միլիարդ դրամ հատկացնել: 2009թ. այդ ցուցանիշը կազմում էր 146 միլիարդ դրամ: Իրադարձությունների ներկայիս զարգացման պայմաններում անվտանգության հարցերին հարկավոր է ավելի շատ ուշադրություն հատկացնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ երկրի պետբյուջեն պետք է արտացոլի այն քաղաքականությունը, որը դրական արդյունքների կհանգեցնի: