«Վերին Լարս» ՀԱԿ բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում տնտեսության զարգացման վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Շնորհավորելով դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը կողմերին դեռեւս չի գոհացնում:



ՀՀ վարչապետընշել է, որ «Կազբեկ-Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար եւ կամրապնդի Վրաստանի` որպես տարանցիկ պետության դերը:



Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիներիհետ կապված խնդիրներին` կառավարության ղեկավարն ընդգծել է Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման ուղղությամբ վրացական կառավարության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման կարեւորությունը:



Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, որի ութերորդ նիստը նախատեսված է անցկացնել առաջիկա տարվա սկզբին Երեւանում:



Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարի Հայաստանում Վրաստանի մշակութային օրերի հաջող իրականացմանը: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հաջորդ տարի Վրաստանում նախատեսվող Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն նույն խանդավառությամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---