Այժմ ղարաբաղյան հակամարտությունը ծառայում է հայ-թուրքական մերձեցմանը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ նրա շուրջ կատարվող գրեթե ամեն ինչ այժմ շաղկապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացի հետ: Մյուս բոլոր խնդիրներն, որ առկա են տարածաշրջանում, օժանդակ դեր են կատարում հայ-թուրքական գործընթացում: Դա վերաբերում է նաեւ ղարաբաղյան խնդրին: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Երեւանում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Ըստ Իսկանդարյանի, այժմյան գրեթե բոլոր խաղացողները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն այժմ անում են ամեն ինչ, որպեսզի խոչընդոտներ չառաջանան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: «Համապատասխանաբար, այն, ինչ կատարվում է ղարաբաղյան կարգավորման շուրջ, ավելի շուտ սպասարկող դեր ունի հայ-թուրքական մերձեցման հարցում»,-ասել է քաղաքագետը:



Իսկանդարյանն ընդգծել է նաեւ, որ այս համատեքստում է պետք դիտարկել նաեւ այն, ինչ կատարվեց Մյունխենում եւ Աթենքում, այսինքն համանախագահ երկրները փորձում են ցույց տալ, որ առաջընթաց կա ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որպեսզի հայ-թուրքական կարգավորումն որքան հնարավոր է մեղմ անցնի: «Ինձ թվում է, քաղաքական համատեքստում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Սակայն իրավաբանական իմաստով նման կապ գոյություն չունի, քանի որ Արձանագրություններում հայ-թուրքական հարաբերությունները չեն կապվում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ»,-պարզաբանել է Կովկասի ինստիտուտի տնօրենը:



Իր հերթին, Հ.Մեսրոբյանը չի համաձայնվել ղարաբաղյան կարգավորման «սպասարկող դերի» հետ հայ-թուրքական կարգավորման հարցում` նշելով, որ այստեղ մեծ դերակատարություն ունի էներգառեսուրսների խնդիրը, որոնց երթուղին, 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո Արեւմուտքը ցանկանում է դիվերսիֆիկացնել, այսինքն Ադրբեջանից բացի, անցկացնել նաեւ Հայաստանի տարածքով: «Վրաց-օսական պատերազմը ցույց տվեց, որ այդ երթուղին անհուսալի է»,-նշել է փորձագետը:



Նա նաեւ հավելել է, որ միջազգային հանրությունը էներգառեսուրսների դիվերսիֆիկացման խնդրի լոիծման համար, Հայաստանի հանդեպ մեծ ճնշում գործադրելով, այժմ կփորձեն զուգահեռաբար հանգուցալուծել հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան կարգավորման հասնել: «Քանի որ միայն այդ դեպքում Հայաստանի տարածքով հնարավոր կլինի այլընտրանքային տարանցիկ ուղի անցկացնել»,-ասել է Մեսրոբյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---