15 դեկտեմբերի 2009 - 21:17 AMT
Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է զարգացնեն համագործակցությունը տարբեր ուղղություններով
Երեւանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը: Օրակարգում երկու հարց էր` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում եւ ԼՂՀ-ում» եւ «Ղարաբաղյան հակամարտության ընկալումը միջազգային կազմակերպությունների կողմից»:

Ինչպես ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը նոր որակ է հաղորդել Հայաստան-Ղարաբաղ համագործակցությանը: «Անշուշտ, այդ համատեքստում առաջնահերթ է տնտեսական գործոնը: Ակնհայտ զարգացում են ապրել ինչպես գիտակրթական, այնպես էլ մշակութային կապերը: Զարգացնելով անկախ Լեռնային Ղարաբաղի պետական համակարգը եւ ինքնուրույն հաստատությունները` պետք է դրանց միջոցով հնարավորինս ամրապնդենք համահայկական միասնությունը եւ իրականություն դարձնենք մեր ազգային իղձերը: Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության այս միջխորհրդարանական Հանձնաժողովն իր ակտիվ գործունեությամբ հետագայում եւս շարունակելու է նպաստել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիրների հարաբերությունների ամրապնդմանը: Վստահ եմ նաեւ, որ հանձնաժողովի գործունեությունը նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանի եւ Արցախի համատեղ ծրագրերի անխափան իրականացման համար»,-ասել է Աբրահամյանը:

Իր հերթին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ասել է, որ ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանները կարեւորում են համագործակցության ավանդույթները շարունակելու եւ նոր նախաձեռնություններով դրանք լրացնելու անհրաժեշտությունը: Նիստին մասնակցում էին նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը եւ սոցապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: