Հայաստան. Նանի Բրեգվաձեն տպավորված է երիտասարդ կատարողների «Առնո» մրցույթի բարձր որակով

PanARMENIAN.Net - «Ես չէի սպասում նման բարձր մակարդակ Հայաստանում երիտասարդ կատարողների մրցույթից: Առնո Բաբաջանյանի երգերը շատ դժվար է կատարել, նույնիսկ փորձառու երգիչները միշտ չէ , որ համաձայնվում են կատարել դրանք: Սակայն ես հսկայական հաճույք ստացա մրցույթի գրեթե բոլոր մասնակիցների կատարումներից: Կեցցեն այդ երիտասարդները»,-դեկտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ԽՍՀՄ եւ Վրաստանի ժողովրդական դերասանուհի, երիտասարդ կատարողների «Առնո» մրցույթի ժյուրիի համանախագահ Նանի Բրեգվաձեն:



Մրցույթի կազմակերպիչները, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահը, կոմպոզիտորի որդին ու նրա կինը, մրցույթի երաժշտական պրոդյուսեր, լրագրող Մայա Կիպիանին, նշեցին, որ ներկայացված վեց երկրներից բացի մրցույթին պետք է մասնակցեին նաեւ երիտասարդ կատարողներ Իրանից եւ Իտալիայից, սակայն որոշ պատճառներով դա չստացվեց:



PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով` կազմակերպիչները հույս հայտնեցին, որ մրցույթը շարունակություն կունենա: «Մենք հուսով ենք, որ «Առնո» մրցույթը կդառնա Հայաստանի այցեքարտը: Մենք ունենք աջակցություն, ունենք տաղանդներ, էլ ի՞նչ է հարկավոր»,-ասել է Արա Բաբաջանյանը:



Մայա Կիպիանին հայտարարել է, որ մրցույթի նպատակն էր գտնել եւ օգնել երիտասարդ տաղանդներին: Ուստի, նրանք հետագայում եւս կաշխատեն մրցույթի հաղթողների հետ, հնարավորություն տալով նրանց մասնակցել հիմնադրամի կողմից Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս կազմակերպվող միջոցառումներին: Օրինակ, նրանք կմասնակցեն դեկտեմբերի 20-ին Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայանալիք համերգին: Նա նշել է նաեւ, որ մտադիր է աշխատել հաղթող Նարեկ Մակարյանի հետ, որը կարող է ներկայացնել Հայաստանը «Նովայա վոլնա-2010» մրցույթում: «Եթե նա հասցնի նախապատրաստվել, մենք միջոցներ կգտնենք նրա մասնակցության համար եւ նա այնտեղ կերգի»,-ասելէ մրցույթի երաժշտական պրոդյուսերը:



«Առնո» մրցույթը տեղի ունեցավ Երեւանում դեկտեմբերի 12-15-ը: Մրցույթի գլխավոր մրցանակակիրը դարձավ Նարեկ Մակարյանը, երկրորդ տեղում է Վրաստանի ներկայացուցիչ Վլադ Արամովը, երրորը կիսեցին Ու Մեյը (Չինաստան), Արամ Մուսաելյանը (ԼՂՀ) եւ Տիգրանուհի Շահինյանը (Հայաստան): Արա Բաբաջանյանի համակրանքի հատուկ մրցանակը շնորհվեց ՌԴ ներկայացուցիչ Հրաչյա Սաֆարյանին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---