ՀՅԴ բողոքի ցույցն անընդունելի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար

PanARMENIAN.Net -
«Ցանկացած ցույց կամ բողոքի ակցիա, ներառյալ ՀՅ Դաշնակցության այսօրվա միջոցառումը, որը նպատակ ունի ազդելու ՀՀ Սահմանադրական Դատարանի վճռի վրա, անընդունելի է, քանի որ Հայաստանի դատական համակարգը իշխանության անկախ մարմին է հանդիսանում»,- այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:



Պատգամավորի խոսքով, Դաշնակցության ակցիան ընդունելի ու հասկանալի կլինի միայն այն դեպքում, եթե ուղղված լինի իրենց տեսակետին հասարակայնության ուշադրությունը հրավիրելուն: «Ես չեմ կարող ասել, թե արդյոք այդ ակցիան կազդի Սահմանադրական Դատարանի որոշման վրա, բայց պարզ է մի բան. ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում գնդակը Թուրքիայի դաշտում է գտնվում: Եթե թուրքական խորհրդարանը առանց նախապայմանների վավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանը նույն կերպ կվարվի»,- նկատեց Սաֆարյանը:



Նա նշեց նաեւ, որ եթե Թուրքիան Արձանագրությունների վավերացման համար նախապայմաններ դնի, ապա Հայաստանը համարժեք պատասխան կտա միջազգային իրավունքի շրջանակներում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004թ. ապրիլի 30-ին: Կուսակցության հիմնադիրն ու նախագահն է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքացիական միաբանության կուսակցություն է եւ Հայաստանի քաղաքական դաշտում կենտրոնամետ դիրքորոշում ունի: Քարոզելով ժողովրդավարություն եւ լիբերալիզմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ազգային ու ավանդական արժեքների պահպանման կողմնակիցն է, կարեւոր նշանակություն է տալիս ընտանիքին, եկեղեցուն եւ պետականությանը:

Մտնում է իշխանության Կոալիցիայի մեջ եւ Հայաստանի Ազգային Ժողովում ներկայացված է 25 պատգամավորներով:

 Ուշագրավ
---