Հայաստանը լքած ադրբեջանցիները փախստականներ չեն

PanARMENIAN.Net - 1980-ական թվականների վերջին Հայաստանը լքած ադրբեջանցիներին չի կարելի որպես փախստականներ դիտարկել: Նրանք չեն համապատասխանում միջազգային իրավունքով փախստականի կարգավիճակի համար սահմանված չափանիշներին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց քաղաքագետ, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:



«Ադրբեջանից աքսորված եւ բռնության ու ջարդերի ենթարկված հայերի եւ Հայաստանից խաղաղ հեռացած եւ Հայաստանում իրենց ունեցած բնակատեղին Ադրբեջանում բնակատեղիի հետ փոխանակած ադրբեջանցիների միջեւ չի կարելի հավասարության նշան դնել: Դա անընդունելի է»,- ասաց քաղաքագետը:



Ինչպես նշեց Ալեքսանդր Մանասյանը, ավելի քան 200 հազար հայեր մինչ օրս ոչ բարոյական, ոչ էլ նյութական հատուցում են ստացել Ադրբեջանում ունեցվածքի կորստի համար: «Հարկավոր է Ադրբեջանի հայերին հատուցումների մասին իրավական փաստաթղթերի փաթեթ մշակել եւ ՀՀ ղեկավարությունը պետք է ամեն կերպ օժանդակի այդ գործընթացը»,- ընդգծեց քաղաքագետը:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:

1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---