Ամերիկյան փոստային ծառայությունը նամականիշ կթողարկի Արշիլ Գորկու ստեղծագործության պատկերով

PanARMENIAN.Net - Ամերիկյան փոստային ծառայությունը նամականիշ կթողարկի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 1944թ.«Աքլորի լյարդն ու կատարը» գեղանկարի պատկերով: «Աքլորի լյարդն ու կատարը» առաջինը կլինի մարտի 11-ին ներկայացվելիք նամականիշների շարքում, որոնք թողարկվելու են աբստրակտ էքսպրեսիոնիսնտների պատվին ամերիկյան Փոստային ծառայության կողմից:



Թողարկելով նամականիշները, Փոստային ծառայությունը հարգանքի տուրք է տալիս այն 10 էքսպրեսիոնիստների նվաճումներին, որոնք հեղափոխություն կատարեցին 1940-50-ականների արվեստում եւ ԱՄՆ-ն վերածեցին միջազգային գեղարվեստի կենտրոնի:



Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյանը ծնվել է Վանի մերձակա Խորգոմ գյուղում 1902--1905թթ. միջեւ: Գորկին լքել է Վանը 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով եւ մոր ու 3 քույրերի հետ անցել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք: 1919թ. Գորկու մայրը վախճանվում է սովից Երեւանում, իսկ Գորկին մեկնում է ԱՄՆ, հոր մոտ: Որոնելով իրեն, նա փոխում է անունը, դառնալով Արշիլ Գորկի, այդպիսով ակնարկելով իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: 1922թ. Գորկին ընդունվում է Բոստոնի Դիզայնի նոր դպրոցը, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցության ներքո, ավելի ուշ` պոստիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա բնակվում է Նյու Յորքում): Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.:

1930-ականներին Գորկին սերտորեն համագործակցում է Ստյուարտ Դեւիսի, Վիլլեմ դը Կունինիգի եւ Ջոն Գրեմի հետ: 1944թ. նա ծանոթացավ Անդրե Բրետոնի եւ հայտնի այլ սյուրռեալիստների հետ:



Գորկին միաժամանակ պատկանում է եւ սյուրռեալիզմին (նա խմբի վերջին անդամն էր) եւ աբստրակտ էքսպրեսիոնիզմին, որի հիմնադիրներից մեկն է համարվում:



Առավել հայտնի են Գորկու հետեւյալ նկարները` «Նկարչի եւ նրա մոր դիմանկարը» (1926-36թթ.), «Բնանկար Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Կազմակերպություն» (1933-36),«Կոմպոզիցա» (1936-39),«Այգի Սոչիում» (1943), «Աքլորի լյարդն ու կատարը», «Ինչպես է իմ մոր ասեղնագործ գոգնոցը ծավալվում իմ ճակատագրում» (1944), «Բարի հույսի փողոցը» (1945), «Հոգեվարք», «Նշանադրություն 2» (1947) եւ այլն:

44 տարեկանում Գորկին ինքնասպան է եղել:



Գորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաեւ Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---