Արձանագրությունների վավերացման հարցում Թուրքիան պետք է խոսքից գործի անցնի

PanARMENIAN.Net - Ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դրական որոշումը սպասելի էր, քանի որ դրանով տրվում է նախկինում Հայաստանի նախագահի կողմից այդ փաստաթղթերի վերաբերյալ հնչեցված քաղաքական գնահատականի իրավական ձեւակերպումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Շարմազանովի խոսքով, ՀՀ ՍԴ վճիռը պարտադիր իրավական ուժ ունի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, ներառյալ իշխանությունները: «Այդ որոշումն արդեն իրավաբանորեն ամրագրեց այն, որ հայ-թուրքական Արձանագրություններում նախապայմաններ չկան եւ որ այդ փաստաթղթերից բխող պարտավորությունները երրորդ երկրին չեն վերաբերում»,- նկատեց նա:



ՀՀԿ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ՍԴ եզրակացությունը ինչպես Թուրքիային, այնպես էլ միջազգային հանրությանն ուղղված դրական ազդանշան է, որ Հայաստանը պատրաստ է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները: «Իսկ այժմ Թուրքիայի հերթն է, որպեսզի նա իսկապես խոսքից գործի անցնի: Այդ քայլով Թուրքիան ցույց կտա, թե որքան հետեւողական է հարեւանների հետ «զրոյական խնդիրների» իր քաղաքականության հարցում»,- նշեց Շարմազանովը:



Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք ՀՀԿ-ն Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ վերապահումների անհրաժեշտություն է տեսնում, նա նշեց` քանի որ այդ փաստաթղթերում նախապայմաններ չկան, իսկ ՀՀ ՍԴ որոշման մեջ իրավական ձեւակերպում ստացան հայ հասարակայնության առկա մտավախությունները, ապա հանրապետականները վերապահումների կարիք չեն տեսնում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:



Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:



Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:



2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
---