Երեւանի հետ հարաբերությունները կքննարկվեն Թուրքիայի նախարարների կաբինետի նիստում

PanARMENIAN.Net - Անկարայում տեղի կունենա Թուրքիայի նախարարների կաբինետի նիստը վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: Նիստի օրակարգում կընդգրկվեն ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության իրադարձությունները:



Նիստում կքննարկվի նաեւ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը: Հնարավոր է, որ օրակարգում կընդգրկվի նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ առաջացած լարվածությունը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Լարվածությունն Անկարայի եւ Երեւանի միջեւ առաջացավ այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն: «2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



ՀՀ ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակցի հետ` պարզաբանումներ ստանալու համար Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ: Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե ՀՀ ՍԴ-ն չվերանայի իր որոշումը, Երեւանի ու Անկարայի միջեւ ընթացող բանակցային գործընթացը փակուղի կմտնի:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---