Անկարայի դեսպանորդը մեկնել է Բեռն` բողոքելու Հայաստանից

PanARMENIAN.Net -
Անկարան խոսքից գործի է անցնում: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մեկնում է Շվեյցարիա, որտեղ ներկայացնելու է թուրքական կողմի մտահագությունները ՀՀ ՍԴ Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման առնչությամբ:



Ինչպես հաղորդում է «Հյուրիեթ» թերթը, Բեռնում Սինիրլիօղլուն կհանդիպի իր շվեյցարացի գործընկեր Մայքլ Ամբուլի հետ, որն, ինչպես գրում է թերթը, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ 2008թ. գաղտնի բանակցությունների ճարտարապետներից մեկն է: Ըստ թուրքական աղբյուրի, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մտադիր է Բեռնի ուշադրությունը հրավիրել այն բանին, որ, եթե Հայաստանն Արձանագրությունների սկզբնական գաղափարին իր հավատարմությունն ապացուցող քայլեր չկատարի, Թուրքիան չի կարողանա շարունակել այս գործընթացը:



Ինչպես հաղորդում է աղբյուրը, Թուրքիայի ԱԳՆ-ն զուգահեռ աշխատում է իրավական մի փաստաթղթի վրա, որն ուղարկվելու է Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Հայաստան: Շվեյցարիայից հետո հանդիպումներ են նախատեսվում Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Փարիզում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---