Ադրբեջանը պատրաստ չէ հարձակվողական ռազմական գործողություններ իրականացնել ԼՂՀ դեմ

PanARMENIAN.Net -
«2012 թվականին ղարաբաղյան ճակատում ռազմականա գործողությունների վերսկսման հավանականությունը` կապված նավթահանման մակարդակի նվազեցման հետ, ինչի մասին ասվում է միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում, տեսականորեն հնարավոր է: Բայց անգամ այդ ժամանակ Ադրբեջանը պատրաստ չի լինի հարձակվողական ռազմական գործողություններ վարել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնեց ռազմական հոգեբան, Հայաստանի Պաշտպանության նախարարության Հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը:



Ջամալյանի խոսքով, չնայած ադրբեջանական կողմի ինքնավստահ հայտարարություններին եւ հայավախության բարձր մակարդակին, ադրբեջանական բանակը պատրաստ չէ հարձակվողական ռազմական գործողություններ վարել մի քանի պատճառներով: «Պատճառներից մեկն այն է, ինչի մասին Ադրբեջանը չի խոսում` ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր կորուստները: Ռազմական փորձագետների կարծիքով, ղարաբաղյան ճակատում հարձակվողական պատերազմի դեպքում ադրբեջանական կողմի կորուստներն առնվազն երեք անգամ կգերազանցեն հայերի կորուստները: Ռազմական գործողությունների նման ընթացքի դեպքում Ադրբեջանի բանակը շատ արագ կբարոյալքվի»,- պարզաբանեց հոգեբանը:



Ջամալյանը երկրորդ պատճառ անվանեց այն, որ Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ ռազմական գործողություններում ֆիասկոյի դեպքում կարող է փլուզման եզրին հայտնվել: «Մեկ այլ պատճառ է Ադրբեջանի բանակում աննախադեպ կաշառակերության առկայությունը եւ սպաների ու զինվորների միջեւ անառողջ անձնական հարաբերությունները: Հոգեբանը նկատեց, որ ելնելով վերը նշվածներից, ադրբեջանական բանակն ի վիճակի չէ հարձակվողական ռազմական գործողություններ վարել:



Խոսելով ռազմական գործողություններին հայկական բանակի պատրաստվածության մասին` Ջամալյանը նկատեց, որ Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շնորհիվ մեծ թիվ են կազմում պայմանագրային զինծառայողները, որոնք կամ ղարաբաղյան պատերազմի նախկին վետերաններ են կամ էլ սահմանամերձ գյուղերի բնակիչներ: «Դա հայկական կողմի առավելությունն է, քանի որ պայմանագրով զինծառայողները լավ գիտեն տեղանքը եւ պատերազմ վարելու մեծ փորձ ունեն»,- նկատեց նա:





Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---