Ֆրենք Փալոնը կոչ է անում Ադրբեջանին ու Թուրքիային վերջ տալ Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականությանը

PanARMENIAN.Net -
Սումգայիթյան եղեռնագործության 22-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենք Փալոնը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին գրասենյակը: «Եռօրյա մոլագարությունը, որ իրականացրին ադրբեջանցի ազգայնականները, տասնյակ հայերի մահվան պատճառ դարձավ: Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, կանանց եւ անչափահասն աղջիկների նկատմամբ գործադրվեցին բռնություններ», նշված է օրենսդիր Ֆրենք Փալոնի հեղինակած նամակում:



Նյու Ջերսին ներկայացնող կոնգրեսականը շեշտել է նաեւ հայերի կրած նյութական վնասի մասին եւ հիշեցրել, որ Ադրբեջանի կառավարությունն այդպես էլ քայլեր չի ձեռնարկել հետաքննելու եղեռնագործությունը:





«Կազմակերպիչների եւ իրականացնողների մեծ մասն ազատ արձակվեցին, նրանցից շատերը ներկայում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ են», ընդգծել է կոնգրեսականը: Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի բնորոշմամբ, տեղի ունեցած ոճիրներն Ադրբեջանի հակահայ լայնածավալ էթնիկ զտումների առաջ քայլերն էին, որ հանգեցրին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմական գործողություններին: Պատերազմը շուրջ 30 000 կյանք խլեց եւ մեկ միլիոն փախստական թողեց Հայաստանում ու Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ ագրեսիայի արդյունքում 1992-94թթ. անհետացավ Ադրբեջանի շուրջ 450 000-անոց հայ համայնքը: Այս տարվա ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 95-ամյակը եւ մենք հարգում ենք նաեւ սումգայիթյան զոհերի հիշատակը»:



«Այս տարելիցը մեզ հիշեցնում է հայերի վերապրած պատմական անարդարությունների մասին: Ես խստորեն պահանջում եմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան վերջ տան բռնարգելքի քաղաքականությանը եւ հայերի հանդեպ ագրեսիվ կեցվածքին, աշխատանք տանեն տեւական խաղաղության հասնելու համար: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն անի առավելագույնը եւ, օգտագործելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը, ազդարարի, որ ապրօրինի բռնարգելքը եւ ցեղասպանական գործողությունները հարատեւ վնաս են պատճառում հայ ժողովրդին եւ այլեւս չեն հանդուրժվելու», նշված է նամակում:

 Ուշագրավ
---