3 մարտի 2010 - 16:58 AMT
Հայաստանի վարչապետն ու «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության նախագահը քննարկեցին ՏՏ ոլորտում համագործակցության հարցերը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ տեղյակ է ընկերության նախատեսած ներդրումային ծրագրերի մասին եւ բարձր է գնահատում դրանք: Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարեւորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տեխնիկական բիզնես պարկերի ստեղծումը, որոնք պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են լայնաշերտ համացանցի ձեւավորման հնարավորություններին: Վարչապետը նշել է, որ կառավարության կողմից հավանության է արժանացել էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը, որը ներառում է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացման հեռանկարները: Փոխադարձաբար կարեւորվել է ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նախագծերի իրականացումը:

Հյուրի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ու տարածաշրջանային խնդիրներին, ճգնաժամի հետեւանքներին ու դրանց հաղթահարմանը:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսվող համատեղ ծրագրերը հաջող ընթացք կունենան: Վարչապետը հրավիրել է հյուրերին Հայաստան հոկտեմբեր ամսին` մասնակցելու Տաթեւի ճոպանուղու` աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացմանը: