Կոնգրեսում 252 բանաձեւի առաջխաղացումն Անկարային կստիպի քայլ կատարել Արձանագրությունների վավերացման ուղղությամբ

Կոնգրեսում 252 բանաձեւի առաջխաղացումն Անկարային կստիպի քայլ կատարել Արձանագրությունների վավերացման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ընդունված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը առաջ գնա Կոնգրեսում, ապա մեծ է հավանականությունը, որ Անկարան քայլ կկատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Եթե բանաձեւը քննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, ապա Թուրքիան կարող է կամ վավերացնել Արձանագրություններից մեկը, կամ էլ ընդունել դրանք խորհրդարանական կոմիտեի մակարդակով»,- ասաց թուրքագետը` նշելով, որ Թուրքիայի համար ավելի հեշտ կլինի բացել Հայաստանի հետ սահմանը, որը նա կկարողանա ցանկացած պահին փակել, քան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Արտակ Շաքարյանի խոսքով, եթե Կոնգրեսում բավարարվեն ընդամենը կոմիտեի մակարդակով բանաձեւի ընդունմամբ, ապա Արձանագրությունների հարցում չարժե առաջընթաց ակնկալել:

Թուրքագետն ընդգծեց ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ Հայաստանի ԱԳՆ համագործակցության անհրաժեշտությունը, որպեսզի ապրիլի կեսերին 252 բանաձեւի հարցում առաջընթաց արձանագրվի ԱՄՆ Կոնգրեսում:

Նրա կարծիքով, այս տարի Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունման հավանականությունն ավելի մեծ է, քան 2007 թվականին` հաշվի առնելով այն փաստը, որ 2010 թվականի նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններ են սպասվում, եւ կոնգրեսականները կցանկանան ստանալ Ամերիկայի հայ համայնքի օժանդակությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Անկարայի քաղաքականության մասին` Արտակ Շաքարյանն ընդգծեց, որ սխալ է համարում ստիպել Թուրքիային ընդունել այդ փաստը: «Հայաստանը պետք է այնպիսի երկիր դառնա, որի հետ հաշտեցման հարցում Թուրքիան ինքը շահագրգռված կլինի»,- ասաց թուրքագետը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---