Հովիկ Աբրահամյան. Հայաստանը հետեւողական է ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ հարաբերությունների զարգացման գործում

Հովիկ Աբրահամյան. Հայաստանը հետեւողական է ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ հարաբերությունների զարգացման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանը հետամուտ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» 73-րդ «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես նշել է ԱԺ խոսնակը, այդ նպատակով դեռեւս 1994 թվականին Հայաստանը ներգրավվեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում: Դրան հետեւեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակումը: Շարունակվում է օրենսդրական դաշտում պաշտպանական անվտանգությանն առնչվող նախագծերի ընդունման գործընթացը:

Հայաստանի Հանրապետությունն արդեն ընդունել է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը, որը սահմանում է Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի իրավակազմակերպական հիմքերը, կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները, ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ինչպես նշել է Հովիկ Աբրահամյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենսդրական կարգավորմանն ուղղված կարեւորագույն իրավական ակտերից է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Հայաստանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, դրանց գործողությունների հետեւանքների կառավարման ոլորտներում: Հիմնվելով այս բնագավառում ՆԱՏՕ-ի հետ առկա համագործակցության վրա` Հայաստանը պատրաստ է առավել ակտիվ կերպով ընդգրկվել համապատասխան ծրագրերում եւ միջոցառումներում:

Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից է նաեւ հասարակության իրազեկվածությունը պաշտպանական անվտանգության համակարգերում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ:

Հայաստանը, հավատարիմ մնալով իր պարտավորություններին, մեծապես կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին: Վերջերս Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը, որն իրականացնում էր Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ հերթական գնահատումը:: Նախնական տվյալների համաձայն` գնահատումը դրական է եղել:

 Ուշագրավ
---