Արթուր Բաղդասարյան. Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու

Արթուր Բաղդասարյան. Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու

PanARMENIAN.Net - Տրանսպորտի եւ կապի ու արտակարգ իրավիճակների նախարարներին ետ կանչելու որոշումն ընդունվել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղխորհրդի ժամանակ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, նախարարներին ետ կանչելը կապված է նրա հետ, որ նրանք այժմ ավելի պետք են կուսակցությանը շրջանային բաժանմունքների ամրապնդման համար: «Մհեր Շահգելդյանը եւ Գուրգեն Սարգսյանը գերազանց պրոֆեսիոնալներ են, բայց հիմա նրանք պետք են կուսակցությանը: Նորանշանակ նախարարներ Արմեն Երիցյանը եւ Մանուկ Վարդանյանը նախագահի` նրանց նշանակման հրամանից հետո արդեն ՕԵԿ անդամներ են»,- նշել է Բաղդասարյանը:

Ինչ վերաբերվում է երկու տարի հետո տեղի ունենալիք ընտրություններին, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կուսակցության եւ երկրի նախագահի միջեւ գոյություն ունի ռազմավարական համաձայնություն, որի համաձայն ՕԵԿ-ը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, բայց ոչ նախագահականին: «Ես համոզված եմ, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու, դրա համար նախապայմաններ չկան»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Նա նաեւ հայտնեց, որ մարտի 17-ին իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշեւի հրավերով աշխատանքնային այցով մեկնելու է Մոսկվա: Այցի ընթացքում քննարկվելու մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Ենթադրվում է համաձայնագրի ստորագրում Հայաստանի եւ Ռուսաստանի գերատեսչությունների միջեւ: «Մոսկվայում նախատեսվում են հանդիպումներ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ»,- հաղորդել է Բաղդասարյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Մհեր Շահգելդյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու եւ այդ պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու մասին, որը մինչ այդ Ոստիկանության պետ էր: Մեկ այլ հրամանագրով Գուրգեն Սարգսյանն ազատվել է տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Մանուկ Վարդանյանը:

 Ուշագրավ
---