ՀԱԿ-ը ԵԽ-ին հանձնել է Հայաստանում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր

ՀԱԿ-ը ԵԽ-ին հանձնել է Հայաստանում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպել, եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակ է հանձնել երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքերի համաձայն, ընդդիմադիրների դաշինքը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբեռն Յագլանդին հասցեագրված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը հանձնել է ԵԽ երեւանյան գրասենյակ, որում նշված են ընդդիմության հիմնական պահանջները` երկրում տիրող իրավիճակից դուրս գալու համար, դրանք են` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, «Ա1+» հեռուստաալիքի վերականգնում, տնտեսական բարեփոխումների իրականացում:

«Նամակում նաեւ ներառված են ԵԱՀԿ Հայաստանի հարցով մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի վերջին առաջարկությունները», - ասել է նա:

Կարապետյանը նշել է նաեւ, որ ընդդիմադիր դաշինքը հուսով է, որ ներկայացրած առաջարկություններին կծանոթանան նաեւ համազեկուցողները, ովքեր մարտի 17-ի մոնիտորինգային հանձնաժողովի նիստի ժամանակ կբարձրացնեն այդ հարցը:

Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---