Երեւանում տեղի կունենա «Հայկական դպրոց» թեմայով հինգերորդ կլոր սեղանը

PanARMENIAN.Net - 2010 թվականի մարտի 30-ին Երեւանում տեղի կունենա «Հայկական դպրոց» թեմայով հանրային բաց քննարկում` ավագ դպրոցի աշակերտների եւ ուսանողների հետ: Սա «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած թվով հինգերորդ կլոր սեղան քննարկումն է:



Քննարկումների ընթացքում երիտասարդները փորձելու են ստեղծագործական մոտեցումներով իրենց տեսանկյուններն ու պատկերացումները ներկայացնել «Հայկական դպրոցի», մասնավորապես` հետեւյալ թեմաների վերաբերյալ` դպրոցական կյանքը. դպրոցը դասերից հետո (ակումբներ, խմբակներ), աշակերտի դերը եւ «ձայնը» դպրոցի կառավարման գործում, դպրոցի ֆիզիկական միջավայրը; կրթության ներքին բովանդակությունը. դասապրոցես, տեխնոլոգիաների օգտագործում, դպրոցական ներկայիս ծրագրերում չընդգրկված առարկաներ; կորպորատիվ մշակույթ. ներքին փոխհարաբերություններ` աշակերտ-աշակերտ, աշակերտ-ուսուցիչ, «դպրոցի ոգին»:



Հրավիրված են թվով 30 աշակերտներ եւ ուսանողներ Երեւանից ու մարզերից:



«Հայկական դպրոցի» ծրագիրը ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` արժանանալով նրանց հավանությանը եւ աջակցելու պատրաստակամությանը:



Ծրագրի իրականացման համար պետությունն արդեն հատկացրել է Երեւանի Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածք: Շուտով սկսվելու են ավագ դպրոցի շինարարական աշխատանքները: Հանրային քննարկումների շարքի նպատակն է դպրոցաշինության ծրագիրը հասանելի դարձնել հանրությանը եւ շահագրգիռ խմբերի շնորհիվ (գործարար համայնք, լրագրողներ, ճարտարապետներ, մշակույթի գործիչներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ եւ այլ խմբեր) համալրել, ճշգրտել եւ ամփոփել ազգային մրցունակության համատեքստում կարեւորություն ունեցող հայկական դպրոցի հայեցակարգը:



«Հայկական դպրոց» թեմայով hանրային քննարկումների շարքն ավարտվելու է 2010 թ. հունիսին նախատեսված ամփոփիչ կոնֆերանսով, որի արդյունքում կձեւավորվի 21-րդ դարի «Հայկական դպրոցի» ամփոփ տեսլականն ու հայեցակարգը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---