Հայաստանի ԿԲ-ն զգուշացնում է էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող խարդախությունների մասին

Հայաստանի ԿԲ-ն զգուշացնում է էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող խարդախությունների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը զգուշացնում է էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող խարդախությունների մասին: Ինչպես հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ քաղաքացիներին էլեկտրոնային փոստով (e-mail) կամ բջջային հեռախոսակապի տեքստային հաղորդագրությունների միջոցով (SMS) կատարվում են առաջին հայացքից խիստ գրավիչ առաջարկներ, որոնք իրականում իրենցից ներկայացնում են աշխարհում բավականին լայն տարածում գտած խարդախության սխեմաների բաղկացուցիչ մասեր: Օրինակ, քաղաքացիներին առաջարկվում է ինչ-ինչ գործարար նախաձեռնությունների շրջանակում ցուցաբերել որոշակի աջակցություն` շռայլ վարձատրության դիմաց: Մասնավորապես, առաջարկվում է բանկերից մեկում բացել բանկային հաշիվ, այնուհետև դրամական արագ փոխանցումների որևէ համակարգով ստանալ միջոցներ, մուտքագրել այդ միջոցները բացված բանկային հաշվին և փոխանցել նախանշված ուղղությամբ:

Քաղաքացիներին առաջարկվում է վաստակել գումարներ առանց տնից դուրս գալու, մասնավորապես` փոստով ուղարկել անձնագրի վավերացված պատճենները և ժամանակ առ ժամանակ ստորագրել որոշակի փաստաթղթեր և դրանք տալ նոտարական վավերացման կամ քաղաքացիները տեղեկացվում են, որ ստացել են ժառանգություն կամ շահել են խոշոր գումար, որոնց ձևակերպման և հետագա տնօրինման համար անհրաժեշտ է վճարել որոշակի գումար:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ նմանօրինակ հաղորդագրություններին որևէ կերպ արձագանքելուց և նկարագրված սխեմաների մասին որևէ էական տեղեկատվություն ունենալու, այդ թվում` դրանց մեջ ՀՀ որևէ քաղաքացու կամ իրավաբանական անձի ներգրավվածության դեպքում տեղեկացնել` 54-50-88 կամ 56-16-01 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն info_fiu@cba.am էլեկտրոնային փոստին (տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---