21 ապրիլի 2010 - 14:15 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Կարևոր է, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

“Չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հայկական համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում կասի “ցեղասպանություն” բառը”,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: “Ինձ պետք չէ, որպեսզի ԱՄՆ նախագահը կամ Կոնգրեսը կամ ուրիշ երկրի ինչ-որ խորհրդարան ինձ ասի այն, ինչ ես արդեն գիտեմ”,- ասել է Կիրակոսյանը: Նրա խոսքերով, առավել կարևոր հարց է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ առումով հայ փորձագետը կարևոր նշանակություն է տվել նրան, որ պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլում թուրքական մտավորականության ներկայացուցիչները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` Կիրակոսյանն ասաց, որ ապրիլի 24-ը միակ օրն է, երբ ողջ աշխարհի հայությունը միավորվում է, բայց դա բավարար չէ: “Որտե՞ղ էր հայությունը 2008-ի մարտի 1-ին: Ինչու հայերը չեն միավորվում ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում”,- ասել է հայ փորձագետը: Միաժամանակ նա նշեց, որ Սփյուռքի ներկայացուցիչների համար մինչ օրս շատ դժվար է ապրել Հայաստանում: Սփյուռքի ներկայացուցիչը չպետք է մարդ լինի, որն ամռանը մեկ շաբաթով գալիս է Հայաստան, նա պետք է ավելի կապված լինի իր հայրենիքի հետ: Ամոթ է, որ մենք մատների վրա կարող ենք հաշվել Սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք մշտական բնակություն են հաստատել Հայաստանում”,- ասել է Կիրակոսյանը: