Հայաստանի ասորական համայնքը պահանջում է ճանաչել ասորիների ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - “20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ժամանակ 1.5 մլն հայերի հետ միասին կոտորվել է նաև 750 հազ. ասորի` այսինքն` այն ժամանակներում ասորական ժողովրդի կեսը, սակայն ասորիների ցեղասպանության մասին քչերն են խոսում”, - ապրիլի 23-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանում ասորական համայնքի առաջնորդ Ռազմիկ Խոսրոևը:

Նա նշել է, որ եթե Հայերի պարբերական ցեղասպանությունն ավարտվել է 1920-ական թվերին, ապա Ասորիների ցեղասպանությունը շարունակվում է մինչ այսօր. “Իրաքի պատերազմի ժամանակ այդ երկրում ասորական բնակչությունը կրճատվեց տասն անգամ: Դրա հետ միաժամանակ Իրաքում ոչնչացվում է ասորիների մշակութային ժառանգությունը”:

Խոսրոևի խոսքերի համաձայն, Ասորիների ցեղասպանության հարցի բարձրացման համար ամենամեծ խոչընդոտը պետականության բացակայությունն է, ինչը խանգարում է շատ խնդիրների իրականացմանը: Սակայն նա կարդաց ասորի ժողովրդի պահանջը`Թուրքիայի իրականացրած ասորի ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին, որում մասնավորապես ասված է. “Ասորի ժողովուրդն այսօր պահանջում է, որ միջազգային ատյանները դատապարտեն Թուրքիային, որ ցեղասպանության հետևանքով տարածքների և նյութական արժեքների կորուստները հատուցվեն միջազգային նորմերի սահմաններում` մոռացության չմատնելով, որ ցեղասպանության մահացու վարակը մարդկության ապագան կանգնեցնում է վտանգի առաջ”:

“Ասորիները ցեղասպանության սգո 2 ամսաթիվ են հիշատակում` ապրիլի 24-ին և օգոստոսի 7-ին: Երկրորդ ամսաթիվը բոլոր զոհված ասորիների հիշատակի օրն է: Այդ օրն անվանում են “Սեմելի կոտորած”, քանի որ 1930 թ. օգոստոսի 7-ին Հյուսիսային Իրաքի Սեմել գյուղում ողջ-ողջ այրել են 3000 ասորու”, - ասել է Հայաստանում ասորական համայնքի անդամ, Ասորիների ցեղասպանության մասին պատմող 4 վավերագրական ֆիլմերի հեղինակ, ասորի Լինա Յակուբովան:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով` նա ասել է, որ ասորիների ամենամեծ համայնքը Իրաքում է` մոտ 1 մլն ասորի, սակայն Լինա Յակուբովան միաժամանակ ընդգծել է, որ այդ թվերը հավատ չեն ներշնչում: Քանակի մեծությամբ ասորական երկրորդ համայնքը ԱՄՆ-ում է, իսկ երրորդը` Ռուսաստանում:

Ռազմիկ Խոսրոևը նշել է, որ Իրաքից բացի ուրիշ ոչ մի երկրում ասորական համայնքը բարդություններ չունի, ավելացնելով, որ Հայաստանում ասորիներին ավելի մեծ ազատություն և լավ ապրելու հնարավորություն է տրված, քան այլ երկրներում, այդ թվում` Վրաստանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---