Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՊՆ հետ համագործակցող 39 ձեռնարկությունների ղեկավարների հետ

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՊՆ հետ համագործակցող 39 ձեռնարկությունների ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է պաշտպանության նախարարության հետ համագործակցող 39 ձեռնարկությունների ղեկավարների հետ` քննարկելու ռազմաարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Վերջինիս խոսքով, միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրն է` մշակել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգ, պետական ծրագիր, ինչպես նաև` ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործնական քայլեր ձեռնարկել:

"Ազգային անվտանգության խորհրդում լուրջ ուսումնասիրություններ են կատարվել` պարզելու, թե ինչպես է զարգանում ռազմաարդյունաբերական համալիրն այլ երկրներում: Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա պետությունը ծախսում է բյուջեի 10-15 տոկոսը, որովհետև ռազմաարդյունաբերական համալիրի գործարկումը նշանակում է նաև այլ ճյուղերի զարգացում, արդիականացում: ԽՍՀՄ-ում մեծ տեղ էր հատկացվում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, այդ ձեռնարկությունները նաև քաղաքացիական նշանակության ապրանքներ էին թողարկում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում կա կուտակված ներուժ, ուստի պետք է լիակատար հաշվառենք առկա ներուժը` լավ արդյունքների հասնելու համար",-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը ներկայացրել է անվտանգության խորհրդում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանն իր հերթին ներկայացրել է ռազմաարդյունաբերության զարգացման հայեցակարգային ուղղություններում առկա խնդիրները: Իսկ ձեռնարկությունների տնօրենները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, դրանց լուծման եղանակներ առաջարկել:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Արթուր Բաղդասարյանը կարևորել է առկա խնդիրների վերլուծությունն ու զարգացման ճիշտ ուղիների մշակումը: "Մեր հանդիպումները ռուսական և բելառուսական ընկերությունների հետ արդեն տալիս են առաջին պտուղները, կան նախնական պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթեր, համաձայն որոնց կխթանվեն կապերը Հայաստանի և այդ երկրների ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միջև: Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդներում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն զբաղվելու է նաև այս ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովելու խնդրով: Վստահ եմ` մեկ տարվա ընթացքում կկարողանանք մի քանի ուղղություններով լուրջ առաջընթաց ունենալ",- ընդգծել է նա:

Որոշվել է ձեռնարկությունների ղեկավարների ներկայացնելիք անձնագրերի հիման վրա ստեղծել տվյալների ամբողջական բազա և գործնական նախաձեռնություններ մշակել, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
---