ՍԴՀԿ երիտասարդական թև. Հարկավոր է ստեղծել նոր` պետությունից անկախ, արհեստակցական միություններ

ՍԴՀԿ երիտասարդական թև. Հարկավոր է ստեղծել նոր` պետությունից անկախ, արհեստակցական միություններ

PanARMENIAN.Net - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը Մայիսի 1-ի տոնի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արծարծվում են աշխատավորների իրավունքներին առնչվող խնդիրներ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. “Հրամայական է առաջացել ստեղծել նոր արհեստակցական միություններ, որոնք պետք է բաժանված լինեն պետությունից և որևիցե ֆինանսական կախում չունենան` այս կերպ ապահովելով իրենց գործունեության անկախությունը: 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկը չի պահպանվում, իսկ հավելյալ աշխատանքի համար ճնշող մեծամասնությամբ վարձատրություն չկա”:

“Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երիտասարդները վստահ են, որ երկրի սոցիալական պաշտպանվածության և աշխատավորի իրավունքների պաշտպանութայն ոլորտները պետք է դիտարկել իբրև ռազմավարական առաջնահերթություն և անհապաղ զբաղվել այս խնդիրների լուծմամբ”,-ասվում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարության մեջ:

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (հնչակ- հայերեն` զանգ), հայկական ավանդական քաղաքական կուսակցություններից մեկն է: Հիմնադրվել է 1887 թ. Ժնեւի համալսարանի ուսանողներ Ա. եւ Մ. Նազարբեկյանի, Ռ. Խանազատյանի, Գ. Կաֆյանի եւ այլոց նախաձեռնությամբ, որոնք հրատարակում էին «Հնչակ» հեղափոխական թերթը: Կուսակցությունը դարձավ առաջին սոցիալիստական կուսակցությունը, որ գործում էր Օսմանյան Թուրքիայի եւ Պարսկաստանի տարածքում:

1888թ. հրապարակված ծրագրում կուսակցության մոտակա նպատակն էր համաժողովրդական ապստամբության միջոցով Արեւմտյան Հայաստանի ազատագրումը, որին պետք է հետեւեր սոցիալիստական կարգերի հաստատումը: Հնչակյանները մարքսիզմի քարոզիչներ էին, առաջին անգամ հայկական իրականության մեջ Ֆ. Էնգելսի թույլտվությամբ հրատարակում են «Կոմունիստական մանիֆեստի» հայերեն թարգմանությունը: Հնչակյանների հայտնի գործողություններից էր 1904 թ. ՀՅԴ հետ համատեղ իրականացրած Բաքվի ապստամբությունը:

Կուսակցությունն ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին, կազմակերպել է հանրահավաքներ Գում-Գաբուում (1890 թ.) եւ Բաբի Ալիում (1895), Զեյթունի, Սասունի եւ այլ ազատագրական ապստամբությունները: Կուսակցության անդամներն են եղել Մեծն Մուրադը, Ժիրայրը, Հրայրը, Քրիստափոր Օհանյանը, Մուրադ Սեբաստացին (վերջինս հարել է դաշնակներին) եւ այլք:

1915 թ. կուսակցության 20 առաջնորդներ Ստամբուլում կախաղան են բարձրացվել:

Կուսակցությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում, նրա անդամները մարտնչել են Սարդարապատի ճակատամարտում: Խորհրդային իշխանության հաղթանակից հետո ԽՍՀ Հայաստանի տարածքում հնչակները հայտարարել են ինքնալուծարման մասին: Սակայն մի շարք երկրներում կուսակցությունը շարունակել է գործել, մասնավորապես մասնակցել է Լիբանանում 1970-80 թթ. հայկական համայնքի ինքնապաշտպանությանը:

1990-ականներին հնչակները մասնակցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը եւ ստեղծել են «Մեծն Մուրադ» ջոկատը: Ներկայում կուսակցությունն ունի շրջանակներ ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, Հայաստանում, Եգիպտոսում, Արգենտինայում, Ուրուգվայում, Կանադայում, Ավստրալիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում եւ այլուր: Կուսակցությունը հրատարակում է «Արարատ» (Լիբանանում), «Նոր սերունդ» (Հայաստանում), «Ջահակիր» (Եգիպտոսում), «Մասիս» (ԱՄՆ-ում), «Զանգ» (Ավստրալիայում) եւ այլ թերթեր, Կանադայում եթեր է հեռարձակվում հայկական հեռուստաժամ, իսկ Ավստրալիայում ստեղծել է հայկական ռադիոծրագիր:

Կուսակցությունն աչքի է ընկել նաեւ հայկական հարցի արդար լուծման եւ հայերին պատմական հայրենիք վերադարձնելու համար պայքարով:

Հայաստանում ՍԴՀԿ-ն ընդդիմության կազմում է հանդես գալիս: Լիբանանում կուսակցության անդամ Եղիա Ջերեջյանը երկրի խորհրդարանի պատգամավոր է: Կուսակցության կազմի մեջ են մտնում` AEBU կազմակերպությունը, որն աջակցություն է ցուցաբերում հայկական դպրոցներին, առողջապահական եւ սոցիալական հիմնարկություններ, երիտասարդական «Տխրունի» միությունը, սպորտային Homenmen ակումբը:

 Ուշագրավ
---