Երևանում բացվել է FAO տարածաշրջանային համաժողովը

Երևանում բացվել է FAO տարածաշրջանային համաժողովը

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովի 27-րդ նստաշրջանը: Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն իր ելույթում նշել է, որ համաժողովը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային ծրագրերի իրագործման և FAO անդամ-երկրների առաջարկների քննարկման տեսանկյունից: «Այս համաժողովի շրջանակներում քննարկվելու են տարածաշրջանի համար այնպիսի կարևոր և արդի հարցեր, ինչպիսիք են ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը, անասնաբուծության զարգացումը, գյուղի զարգացումը և եկամուտի այլընտրանքային աղբյուրները, կլիմայի փոփոխությունների ազդեցությունը գյուղատնտեսության վրա, ինչպես նաև գյուղական վայրերում գենդերային հարցեր»,- ավելացրել է նա:

Իր հերթին, FAO գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆը հիշեցրել է, որ 1996-ին Համաշխարհային պարենային գագաթնաժողովի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները խոստացել են 2015-ին կիսով չափ կրճատել սովից տառապող մարդկանց թիվը: «Ցավոք սրտի, այժմյան իրավիճակն ավելի շատ անհանգստություն է պատճառում, քան իրավիճակը 1996-ին. սովի ծավալները միայն մեծանում են` կապված գյուղատնտեսության ոլորտում ներդրումների կրճատման և պարենային մթերքների գնաճի հետ»,- ավելացրել է նա:

FAO գլխավոր տնօրենի խոսքերով միայն 2009-ին քաղցած մարդկանց թիվն աճել է 105 մլն-ով և հասել 1 մլրդի: «FAO ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել է գյուղատնտեսության թուլացմանը, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներումԼ Տարածաշրջանի երկրները բախվում են հսկայական տնտեսական դժվարությունների հետ, մասնավորապես, արտահանման շուկաների, դրամական փոխանցումների հոսքերի և մասնավոր ֆինանսավորման կրճատման հետ»,- ասել է նա և ավելացրել, որ տնտեսության աճի ապահովման և աղքատության նվազման համար ավելի հզոր շարժիչ ուժ չկա, քան ներդրումները գյուղատնտեսության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---