Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա կտրուկ փոփոխությունների չի հանգեցնի հայ-թուրքական գործընթացում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Թուրքիա կտրուկ փոփոխությունների չի հանգեցնի հայ-թուրքական գործընթացում: Այդ մասին Ալեքսանդր Մարկարովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Երվանդ Բոզոյանը: «Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը ճնշում կգործադրի Երևանի հանդեպ, որպեսզի վերջինս զիջումների գնա ղարաբաղյան հարցում: Սակայն, քանի որ Մոսկվան դեռ նման քայլի չի գնում, Թուրքիան չի հրաժարվում միջնորդ կամ ակտիվ խաղացող դառնալու իր մտադրություններից»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, ռուս-թուրքական մերձեցումը, որը հիմնականում տնտեսական նպատակներ է հետապնդում, սպառնալիք չի լինի Հայաստանի անվտանգության համար, քանի դեռ Երևանն ինքը սխալներ թույլ չի տա տարածաշրջանային գործընթացներում և Թուրքիայի հետ հարաբերություններում: Նա ընդգծել է, որ Անկարան պետք է հասկանա, որ հայ-թուրքական սահմանի բացումը ինքնանպատակ չէ հայ ժողովրդի համար:

Իր հերթին Ալեքսանդր Մարկարովը ևս նշել է, որ Դ.Մեդվեդևի Անկարա այցից հետո ոչ ղարաբաղյան, ոչ հայ-թուրքական գործընթացներում կտրուկ փոփոխություններ չեն լինի: «Անկախ նրանից, որ Թուրքիան ձգտում է առավել ակտիվ խաղացող դառնալ ղարաբաղյան կարգավորման գործում, դեռ շատ վաղ է խոսել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներորմ ընթացող բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխության մասին»,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, ռուս-թուրքական հարաբերությունները կարող են վերաճել ռազմավարական գործընկերության: «Տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև զարգանում են, իսկ մենք գիտենք, որ քաղաքական հարցերի լուծման համար ճանապարհ են հարթում տնտեսական կապերը»,-ասել է Ալեքսանդր Մարկարովը:

 Ուշագրավ
---