Հունիսի 29-ը նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր

Հունիսի 29-ը նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Հայաստանի նորանկախ պետականության պաշտպանության ու կայացման, ինչպես նաև` Արցախի հերոսամարտում հայոց հաղթանակի համար իրենց նվիրական դերակատարումն ունեցած անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կուսակցությունը երախտապարտ է հայրենյաց նվիրյալներին ու նրանց գործին: Նրանք օրինակ են դարձել մեզ ու մեր սերունդներին, իսկ հայրենիքի ու նրա շահերի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հանդեպ հարգալից վերաբերմունքն ու նրանց գործի հիշատակումն այսօրվա և վաղվա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: Անհայտ կորած ազատամարտիկների օրը թե Հայաստանի, թե ԼՂ Հանրապետությունների կառավարական ու հասարակական մակարդակներով դե ֆակտո նշվում է 2001թ.-ից սկսյալ:

«Ժառանգության» պատգամավորական խմբակցությունը, հիմք ընդունելով 2000թ. հոկտեմբերի 23-ի ՀՀ Կառավարության ընդունած որոշումը, որով հունիսի 29-ը սահմանված է որպես անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր, ինչպես նաև` «ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նույնաբովանդակ 11-րդ հոդվածը, պատրաստել է օրենքի նախագիծ` «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հունիսի 29-ը որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր դե յուրե ամրագրելու նպատակով: Նախագծի կենսակոչման արդյունքում` հստակեցում կմտնի անհայտ կորած ազատամարտիկների կատեգորիայի համար, քանի որ նրանց կարգավիճակը, ըստ էության, տարբերվում է կենդանի կամ զոհված ազատամարտիկների կարգավիճակից: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն օրենքով ամրագրելը կարևոր կլինի նրանց ընտանիքների, ժառանգների, ողջ հասարակության, ինչպես նաև` սերունդներին նրանց հայրենանվեր օրինակով դաստիարակելու համար», հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---