Մեկնարկել է ԵՄ հետ Հարավային Կովկասի երկրների Գործակցության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը

Մեկնարկել է ԵՄ հետ Հարավային Կովկասի երկրների Գործակցության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը

PanARMENIAN.Net - Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ Գործակցության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը կայանալու է հաջորդ շաբաթ Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներում: Համաձայնագիրը նախատեսում է կողմերի հանձնառությունը` ընդհանուր արժեհամակարգի որդեգրման վերաբերյալ, և ընդգրկելու են ոլորտների լայն շրջանակ, ներառյալ` քաղաքական երկխոսությունը, արդարադատությունը, ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև առևտուրն ու համագործակցությունն առանձին սեկտորներում քաղաքականության մշակման ընթացքում: Համաձայնագրի միջոցով երկրկների տրամադրության տակ կդրվեն ԵՄ-ի օրենսդրության և չափանիշների առանցքային տարրերը։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Երևանում Եվրամիության ներկայացուցչությունից, բանակցությունների վերաբերյալ առաջին լիագումար հանդիպումները տեղի կունենան հուլիսի 15-ին Բաթումում, հուլիսի 16-ին Բաքվում և հուլիսի 19-ին Երևանում:

Գործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն սկսելու որոշումն արտացոլում է հարաբերությունների շարունակական խորացումն ու զարգացումը` 1999թ.-ին ուժի մեջ մտած անդրանիկ համաձայնագրերի հիման վրա։ Այն նաև փաստում է ԵՄ-ի հանձնառություններն իր արևելյան հարևանների նկատմամբ` կապված Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ու ընդլայնման հնարավորությունն իրականացնելու հետ։ Գործակցության համաձայնագրի հիմնական նպատակը ԵՄ-ի և հարավկովկասյան երեք պետությունների միջև ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է։ Բանակցային գործընթացը խարսխված է լինելու ներառականության, տարբերակման, պայմանականության և համատեղ սեփականության սկզբունքների, ինչպես նաև համընդհանուր արժեքների և սկզբունքների, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդար կառավարման կիրառման հարցում կողմերի անսասան պարտավորվածության վրա։

Ներկայումս ԵՄ-ն համարժեք Գործակցության համաձայնագրի վերաբերյալ բանակցում է Ուկրաինայի և Մոլդովայի հետ:

 Ուշագրավ
---