Հայ գյուղացին մնաց կոտրած տաշտակի առջև

Հայ գյուղացին մնաց կոտրած տաշտակի առջև

PanARMENIAN.Net - Ներքին շուկայի անկատարության պատճառով խաղողի մթերման հարցը չափազանց ակտուալ խնդիր է խաղողագործության ոլորտի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ազդարար» հանդեսի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը: Ըստ նրա, գյուղացիները սպասումների մեջ են` հույս ունենալով, որ աճեցված խաղողը կկարողանան վաճառել 130-150 դրամով: «Արարատի մարզում 170 ֆերմերային տնտեսություն է զբաղվում խաղողի աճեցմամբ: Մենք ահազանգել ենք այս խնդրի մասին և ակնկալում ենք, թե մինչև հոկտեմբեր մթերողները կարձագանքեն հնչեցրած խնդիրներին»,-ասել է Սարգսյանը:

Իր հերթին Արարատի գյուղապետ Գրիշա Մելքոնյանը նշեց, որ գյուղացին մնաց կոտրած տաշտակի առջև: Գործարանների հետ ստորագրվում են միակողմանի պայմանագրեր, ընդ որում հաշվի չի առնվում գյուղացիների կարծիքը: Նա հայտնեց, որ Երևանի կոնյակի գործարանն այս տարի կրճատել է մթերման պայմանագրով նախատեսված ծավալները, ինչպես նաև 30 տոկոսով կրճատել է պայմանագրերի քանակը նախորդ տարվա համեմատ: Նա նշեց նաև, որ ԵԿԳ ղեկավարությունը դա պատճառաբանում է նրանով, որ կրճատվել են կոնյակի իրացման ծավալները: Մյուս գործարանները նվզեցնում են 1 կգ խաղողի գինը մինչև 80 դրամ: Գրիշա Մելքոնյանը նշեց, որ խաղողի բերքն այս տարի կկազմի 200 000 տոննա, սակայն եղած պահանջարկը 50-65 հազար է, 40 հազար տոննայից գյուղացիներն իրենք գինի կարտադրեն: «Այդպիսով շուրջ 100 հազար տոննա խաղող …մնում է անհույս»,-ասել է նա:

Իր հերթին ֆերմեր Ռաֆիկ Շադոյանը հավելեց, որ ստեղծված խնդիրների պատճառով խաղողագործները ստիպված են վերացնել իրենց այգիները: Նա նշեց, որ գյուղացիների աշխատանքը չի գնահատվում, աջակցություն չկա պետության կողմից, ուստի «գյուղացին միայնակ է մնացել հողի հետ»: Նա հավելեց, որ այգիների ստեղծման և խաղողի աճեցման հետ կապված ծախսերը շատ մեծ են, չկա անհրաժեշտ տեխնիկա, իսկ վառելիքը թանկ է, ուստի գյուղացին ստիպված է ձեռքով մշակել այգիները:

Ինչպես նախկինում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն, այս տարի սպասվում է խաղողի լավ բերք և կառավարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում մթերման կազմակերպման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---