Հակոբ Ավետքիյան. Հայաստանում գործում է փող հանուն իշխանության, իշխանություն հանուն փողի սկզբունքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Երևանում կայացել է Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության երկրորդ համագումարը, որին մասնակցել են ավելի քան 100 պատվիրակներ կուսակցության բոլոր մարզային կառույցներից: Համագումարի վերջում կընտրվի կուսակցության նոր վարչություն:

Համագումարի ժամանակ զեկույցով հանդես եկավ կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը, որը ներկայացրեց կուսակցության հանրապետական վարչության գործունեությունը մեկ տարում: «Մենք կշարունակենք ամրապդնել գործող կուսակցական օղակները և բացել նորերը»,- ասել է նա:

Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարը նաև նշեց, որ կուսակցությունը մտադիր է իր կենտրոնական արխիվը Բեյրութից տեղափոխել Երևան, որպեսզի հայ փորձագետները կարողանան ուսումնասիրել կուսակցության պատմությունը: Մենք նաև նախատեսում ենք մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը Հայաստանի տարածքում տնկել մեկուկես միլիոն ծառ»,- ասել է Ավետիքյանը:

Խոսելով Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական իրավիճակի մասին` Ավետքիյանն ասաց, որ ընդդիմադիր և իշխանամետ դաշինքների բևեռացման պայմաններում Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը հանդես կգա հավասարակշռող ուժի դիրքերից: «Պետական կառավարումը վատ վիճակում է, ողջ տնտեսությունը կենտրոնացած է օլիգոպոլիայի ձեռքերում: Այսինքն Հայաստանում գործում է փող հանուն իշխանության, իշխանություն հանուն փողի սկզբունքը»,-ասել է Հակոբ Ավետիքյանը և հավելել, որ իրավիճակը շտկելու և Հայաստանում ազատությունը և ժողովրդավարությունն ամրապնդելու համար կուսակցությունը կանի հնարավոր ամեն ինչ 2012-ին խորհրդարան մտնելու համար:

 Ուշագրավ
---