Հայաստանում ռուսական ռազմահենակետը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող միակ այդպիսի հաստատությունն է

Հայաստանում ռուսական ռազմահենակետը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող միակ այդպիսի հաստատությունն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Վրաստանի միջև բլիցկրիգի երկրորդ տարելիցն ընդգծում է ծովամիջյան այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական չզուլալված ստորջրյա հոսանքները: Պատմական հանգամանքների բերումով ցամաքափակ լինելով Կասպիական, Սև և Միջերկրական ծովերից, Հայաստանի առանցքային դիրքը մնում է ռազմավարական անկարգության մեջ հայտնված նրա հարևանության շուրջկալում: Այդ մասին գրում է «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը «Յո Երթաս, ՀԱՊԿ» հոդվածում:

«Հայաստանի հետ արդեն իսկ ակնհայտորեն անազնիվ հարաբերվող Թուրքիայից բխող ներհատուկ վտանգը, պատերազմի սպառնալիքի լեզվից դեպի հունիսյան մահաբեր հարձակման սանձազերծում անցում կատարած Ադրբեջանի հարուցած մարտակոչերը և Կովկասով մեկ լարվածության ընդհանուր շիկացումն իրար են միախառնվել` ընդլայնված շրջանը բնութագրելով իբրև խորացող անկայունության անմիջական տագնապի ներքո գտնվող տարածագոտի:

Համակարգային ծավալի այս վայրիվերումների խորապատկերին Հայաստանն այժմ դիմակայում է արտաքին շահերի և ներքին բացթողումների մի վտանգաշատ դասավորվածության: Մինչ Մոսկվայի հետ Երևանի «ռազմավարական» հարաբերությունը շարունակում է ծառայել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հիմնաքար, հայ-ռուսական գրկախառնումը մնում է անիրավաչափորեն միակողմանի:

Ռուս-հայկական հարաբերությունների անհամաչափությունը հատկապես դրսևորվում է իրավահավասար և փոխադարձ հարգալից համագործակցության հիմնարար պակասուրդի մեջ: Ի վերջո, Հայաստանի կողմից տարածաշրջանում միակ ռուսական ռազմահենակետի հյուրընկալումը սիրալիրության պարզունակ արձանագրում չէ, և պետք է խարսխված լինի միմյանց շահերի համատեղ ճանաչման վրա:

Ավելին` ռուսական ռազմահենակետը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող միակ այդպիսի հաստատությունն է, որտեղ հյուրընկալող երկիրը չի ստանում ոչ վարձավճար, ոչ էլ փոխհատուցում: Հայաստանն է վճարում նրա ողջ ծախսերն ու ծախքերը: Հայոց ազգային անվտանգության նման գրավադրումն անընդունելի է և անհապաղ սրբագրում է պահանջում:

Որպեսզի նոր ժամանակաշրջանում հայ-ռուսական գործընկերությունը լինի ռազմավարական` առանց չակերտների, այն պետք է դառնա անկեղծ, իրապես փոխադարձ և հորիզոնական հարգանքի վրա հիմնված, չնայած երկու պետությունների չափի և փորձառության տարբերությանը:

Բնութագրական է վերջերս ռուսական լրատվամիջոց սպրդած և պաշտոնական Երևանում ուշացումով հաստատում գտած տեղեկատվությունն առ այն, որ երկու երկրները կամ երկկողմանիորեն, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հովանու ներքո մտադիր են մինչև 49 տարով երկարաձգել ռուսական հենակետի և այնտեղ զորքերի տեղաբաշխման պայմանագրային համաձայնությունը: Մի կողմ թողնելով արժանապատվության հարցերը, սա ձեռնոց է նետում Հայաստանի ինքնիշխանությանը, արտաքին քաղաքականության անկախությանը և ազգային կենսական շահերին: Այն նաև խաթարում է մեր միջև իրապես ռազմավարական գործընկերության անսահմանափակ ապագա կարողականությունը: Սրա ճշմարտացիությունն ընդգծվում է այն փաստով, որ առկա հիմնարար համաձայնագիրը գործողության մեջ է մինչև 2020 թվականը և կարող է անհրաժեշտության դեպքում երկարաձգվել` ժամկետը լրանալու պահից հինգ կամ նույնիսկ տաս տարով: Մտավախության հաջորդ աղբյուրը Թուրքիայի հետ Կրեմլի ռազմական հարաբերությունն ու առուվաճառքն է` մի երկրի, որը բռնազավթման մեջ է պահում Հայոց պատմական հայրենիքը, մերօրյա շրջափակման է ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, ինչը համազոր է պատերազմական գործողության, և շարունակում է ժխտել 1915թ. Ցեղասպանությունն ու Հայոց մեծ հայրենազրկումը և խուսափել դրա համար պատասխանատվությունից:

Վրդովմունքի առավել թարմ պատեհություն է Մոսկվայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, որը Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծելով ձախողված նախահարձակ պատերազմ, այսօր սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ` բռնազավթում իրականացնելով Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի և Նախիջևանի հայոց բնօրրանների հանդեպ և շարունակելով անպատիժ ավերել ու պղծել հայկական մշակութային ժառանգությունը Ջուղայում և այլուր:

Այս կապակցությամբ, եթե Ռուսաստանն իսկապես ավարտին հասցնի իր C-300 հակաօդային համալիրի կամ նրա համարժեք սպառազինության` հայտարարված վաճառքը Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ և ռևիզիոնիստ վարչախմբին, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա ՀԱՊԿ-ից, որի միակ անդամն է այս տարածաշրջանում, կամ նվազագույնը` լիարժեք շուկայական վարձավճար պահանջի ռուսական ռազմակայանների համար` ջրի, էլեկտրականության և համապատասխան այլ ծախսերի փոխհատուցմամբ հանդերձ:

Եվ վերջապես` Ռուսաստանի ու Հայաստանի, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև Գործընկերության առաջնահերթ ձեռքբերումը հրամայաբար կենթադրի ոչ միայն տեղական, այլև միջազգային Օրենքի Գերակայության փաստացի կիրառում և ըստ այդմ` իր սահմանադրական սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև Կոսովոյի ու Աբխազիայի ճանաչում: Սրանից դուրս որևէ այլ բան կանխակալ քաղաքականություն է, քաղաքական մանրախաղ և sui generis երեսպաշտություն, որոնք բոլորն էլ կարող են հարմարավետ լինել ոմանց և տվյալ պահի համար, սակայն խորքում հակադիր են ծովերի միջև սեղմված այս ջրբաժան ցամաքամասում խաղաղության, անվտանգության, արդարության և ժողովրդավարական արժեքների նպատակներին»,- ասել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---