Հայաստանի և Սփյուռքի կրթության ոլորտի փորձագետները հավաքվել են Ծաղկաձորում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ից 17-ը Ծաղկաձորում ընթանում է Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է 2004 թվականից: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմանխնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որում նախագահը ողջունում է Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: «Կրթության բնագավառում արդեն ավանդական դարձած հանդիպումների այս ձևաչափը լավ հնարավորություններ է ընձեռում քննելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքը: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի հայոց ոգին և հայոց լեզուն չկորսվեն օտարության մեջ` հայրենիքից հեռու: Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Հայապահպանությունը սփյուռքում բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Նախագահը շնորհավորել է Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցներին ր նրանց արգասաբեր աշխատանք մաղթել:

Եռօրյա խորհրդաժողովին մասնակցում են կրթության ոլորտի փորձագետներ Հայաստանից, Արցախի Հանրապետությունից, Ջավախքից և Սփյուռքից:

Բացի Սփյուռքի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերի, հայագիտական առարկաների դասավանդման և դաստիարակության, տարրական կրթության, Հայաստանի դասագրքերով աշխատող հայկական կրթօջախներում կրթության և դաստիարակության հիմնահարցերի քննարկումից, կներկայացվեն նաև նոր, տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութեր, կցուցադրվեն ֆիլմեր Հայաստանի և հայոց պատմության մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---