Արա Պապյան. Հայերը չպետք է ցնծան Ախթամարի սբ. Խաչ եկեղեցում անցկացվելիք պատարագի առթիվ![]() ![]() PanARMENIAN.Net - Ցանկացած գործողություն ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործոններ: Ամենակարևոր գործոններից մեկը տվյալ գործողության շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկյունից ենք նայում Ախթամարի սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերին նախատեսված պատարագի մատուցումը և հարակից աղմուկը, ակնհայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը և ողջ ձեռնարկը բնավ կապ չունեն աստծո փառաբանության հետ: Այն թուրքական հատուկ ծառայությունների կողմից հղացած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection): Այդ մասին գրում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնույթն ու իրավունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը: Իբր, աշխարհը կիմանա, որ Ախթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանա, արդեն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանա: Սակայն վստահեցնում եմ ձեզ` դա չի լինելու աշխարհի մեծագույն լրատվականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականության գովքն է լինելու: Թույլ մի տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամյակ հերիք է: Ինչու եք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին: Միանգամայն անընդունելի է այն տեսակետը, որ «այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մեկ անգամ պատարագն էլ բավարար է»: Նախ թող պատասխանեն` ինչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Հետո, խոսքը պատարագ մատուցելու մասին չէ, խոսքը իրավունքի` պատարագ մատուցելու իրավունքի մասին է: Գուցե հայերը հինգը տարին մեկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցե տասը, այսուհանդերձ նրանք իրավունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցիական կարգով նախատեսված պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրավունքը մեզ որպես պարգևական են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալվածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ և նա խելակորույս հրճվում է դրանով: 1912թ. թուրքական պաշտոնական տվյալներով Օսմանյան կայսրության տարածքում ավելի քան երկու հազար հայկական գործող, կրկնում եմ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռագրավվել են Թուրքիայի Հանրապետության կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է` համայնքապատկան, այսինքն մեզ բոլորիս պատկանող, գույքը կամ հատուցեն դրա դիմաց: Հետո, թող հավատարմորեն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ հարաբերությունների հաստատումը խարսխված է եղել որոշակի նախապայմանների վրա, որոնք ամրագրված են Լոզանի պայմանագրի (24 հուլիսի, 1923թ.) մեջ: Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի երկրորդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնավոր կամ հանրային կյանքում, տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք: Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները» (The Turkish Government undertakes to grant full protection to the churches, synagogues, cemeteries, and other religious establishments of the above-mentioned minorities): Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը: Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը և դրանում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու իրավունքը, ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնավ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջև լայն հնարավորություններ բացելը»,- ընդգծել է Պապյանը:
![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |