Նիժնի Նովգորոդում հայկական եկեղեցու կառուցման ժամկետը ֆինանսավորման պակասի պատճառով երկարաձգվել է մինչև 2015թ.

PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդում հայկական եկեղեցու կառուցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ.: Բացի եկեղեցու շենքից ծրագրվում է մի քանի տնտեսական նշանակության շինություններ կառուցել: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, շինարարության ժամկետի երկարաձգումը բացատրվում է ֆինանսավորման պակասով: Ինչպես նշել է Նիժեգորոդի հայ համայնքի նախագահ Տիգրան Շահնազարյանը, այն ընթանում է բացառապես ծխականների նվիրատվությունների շնորհիվ:

Նիժեգորոդի մարզի ներդրումային քաղաքականության փոխնախարար Անդրեյ Գնեուշևի խոսքով, ներդրումների ծավալը կազմում է 12,4 մլն ռուբլի: Հողատարածքը կազմում է 3,3 հազ. քառ. մ, եկեղեցու շենքի տարածքը` 300 քառ. մ: «Ներկայումս կառուցվել է եկեղեցու կմախքը, ընթանում են հարդարման աշխատանքները»,- ավելացրել է Գնեուշևը:

Նիժնի Նովգորոդում` Նիժեգորոդյան տոնավաճառի տարածքում 1828 թվականից ի վեր հայկական եկեղեցի է կանգուն եղել, որ կառուցվել է ճարտարապետ Լեերի նախագծով` ցարական գանձարանի գումարով: Հայկական եկեղեցին կանգուն է մնացել մոտ 100 տարի և, ինչպես շատ այլ եկեղեցիներ, քանդվել է 20-րդ դարի 30-ական թվականներին:

Ինչպես հաղորդում է «Նիժնի Նովգորոդ» տեղեկատվական գործակալությունը, 1996 թվականի մայիսին հայ համայնքը հայկական եկեղեցի նախագծելու և կառուցելու համար հողատարածք տրամադրելու խնդրանքով դիմեց այն ժամանակվա քաղաքապետ Իվան Սկլյարովին: 1996 թվականի հունիսին որոշում ընդունվեց նախկին պատմական վայրի հարևանությամբ տարածք տրամադրելու մասին: 2002 թվականի մայիսին համայնքին 3300 քառ. մ մակերեսով տարածք տրամադրվեց Յամսկայա 3 փողոցում:

Նախագծի համաձայն եկեղեցական համալիրը բաղկացած է լինելու երկու կառույցներից` եկեղեցուց և վարչա-ուսումնական համալիրից: Եկեղեցին նախագծվել է 2007 թվականին Հայաստանում:

Եկեղեցական համալիրի չափսերը. եկեղեցու չափսերը` երկարությունը` 20մ, լայնությունը` 14,5մ, բարձրությունը` 19մ, տարածքը` 259 քառ. մ: Մատուռի տարածքը` 100 քառ. մ: Եկեղեցին միաժամանակ կարող է տեղավորել 200 հոգի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---