2 հոկտեմբերի 2010 - 17:27 AMT
Circle.am-ի տվյալներով Beeline-ը գլխավորում է Հայաստանի առաջատար պրովայդերների տասնյակը

Այսպիսով, առաջատար 10 պրովայդերների ցուցակի բացարձակ առաջատար է մնում Beeline-ը: Օգոստոս ամսին արձանագրվել է 40.94 տոկոս ցուցանիշ: Մայիս ամսվա համեմատ Beeline-ի մասնաբաժինն աճել է 0.08 տոկոսային կետով, իսկ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է հուլիս ամսին` 39.59 տոկոս: Սույն ցուցանիշները վկայում են, որ ընկերության դիրքերը բավական կայուն են: Beeline-ի կողմից օգոստոսի սկզբին ինտերնետի Hi-Line ծառայության արագության կրկնապատկման արդյունքները կերևան միայն աշնանը: Ամեն դեպքում, Beeline-ից աշնան ընթացքում պետք է սպասել նաև նոր քայլեր, որոնք մասնավորապես նպատակաուղղված կլինեն անցյալ տարվա վերջին մեկ տարով պայմանագրեր կնքած հաճախորդներին պահելուն և, իհարկե, նոր հաճախորդներ ձեռք բերելուն: Այստեղ շատ բան նաև կախված կլինի մրցակիցներից:

Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Orange-ը ամռան ընթացքում արձանագրեց փայլուն արդյունքներ: Բջջային ինտերնետի մատչելի առաջարկների ներմուծումը և ինտերնետային փաթեթների համար նախատեսված ծավալների և արագության ավելացումը անմիջապես արդյունք տվեցին: Այս ամենին կարող ենք ավելացնել նաև ամռան ընթացքում շարժական ինտերնետի տրաֆիկի բնական աճը: Օգոստոս ամսին Orange-ի մասնաբաժինը կազմել է 15.78 տոկոս, մայիս ամսի համեմատ արձանագրվել է աճ` 3.78 տոկոսային կետով, կամ մոտ 31 տոկոս-ով:

Երրորդ հորիզոնականում է առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օգոստոս ամսին արձանագրվել է 10.98 տոկոս ցուցանիշ, որը մայիս ամսի ցուցանիշից ավել է 0.25 տոկոսային կետով:Ամռան ընթացքում միանգամից երկու հորիզոնականով վեր է բարձրացել և ցուցակի 6-րդ հորիզոնականում է հայտնվել Ucom-ը: Օգոստոս ամսին արձանագրվել է 4.22 տոկոս ցուցանիշը, որը մայիս ամսի ցուցանիշը գերազանցում է 1.25 տոկոսային կետով կամ 40 տոկոսով:

Ցուցակի չորրորդ հորիզոնականում է ADC ընկերությունը, օգոստոս ամսին գրանցվել է 6.61 տոկոս ցուցանիշ. մայիսի համեմատ արձանագրվել է անկում` 1.13 տոկոսային կետով: 5-րդ տեղում է Arminco-ն` 5.02 տոկոս, մայիսի նկատմամբ ցուցանիշը նվազել է 1.46 տոկոսային կետով: 6-ից 7-րդ տեղում է հայտնվել Cornet-AM-ը, որի մասնաբաժինը մայիս ամսի համեմատ նվազել է 0.65 տոկոսային կետով և կազմել 3.95 տոկոս: Մեկ հորիզոնականով նահանջել և 8-րդ հորիզոնականում է հայտնվել iCON-ը` 3.43 տոկոս, մայիսի նկատմամբ արձանագրվել է անկում` 0.66 տոկոսային կետով:

Առաջատար պրովայդերների տասնյակը եզրափակում են Bionet-ը և Web-ը համապատասխանաբար` 1.35 տոկոս (-0.04) և 1.21 տոկոս (-0.35) մասնաբաժիններով: Օգոստոսի վերջի դրությամբ առաջին 10 պրովայդերներին բաժին է ընկնում հայաստանյան այցելությունների 93.49 տոկոս-ը: Համեմատության համար նշենք, որ մայիսին այս ցուցնիշը կազմել է 92,62 տոկոս, իսկ փետրվար ամսին 91.62 տոկոս: Վերջին կես տարվա զարգացումները ցույց են տալիս, որ տեղի է ունենում ոլորտի խոշորացում և ժամանակի ընթացքում փոքր ընկերությունները դուրս կմղվեն շուկայից:

Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցանիշները որոշվում են հայաստանյան IP հասցեներից` Circle.am-ում գրանցված այցելությունների հիման վրա: