14 հոկտեմբերի 2010 - 14:34 AMT
Գրիգորի Այվազյան. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի գործած հայերի ցեղասպանության մասին

Ադրբեջանի հայ փախստականները դատապարտում են ԵԱՀԿ ՄԽ երկերեսանի քաղաքականությունը, որոնք, այցելելով տարածաշրջան, հանդիպում են Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի հետ` դրանով հանդերձ հավասարության նշան դնելով Արցախի բնիկ հայերի և 20 հազար քոչվորների միջև: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի ղեկավար Գրիգորի Այվազյանը: Միաժամանակ նա նշել է, որ 20 տարվա ընթացքում նրանք այդպես էլ ժամանակ չգտան Ադրբեջանից գաղթած 1 մլն հայ փախստականների հետ հանդիպելու համար: Նրա խոսքերով, եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցանկանում էին դիտարկում անցկացնել տարածքներում, որոնք առանցքային դեր են խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, ապա պետք է սկսեին Ադրբեջանի կողմից բռնազավթված ղարաբաղյան տարածքներից: Այդ առումով նա նշել է, որ հայ փախստականները մինչ օրս սպասում են, թե երբ են այդ տարածքները վերադառնալու:

Անդրադառնալով ադրբեջանցի փախստականների հարցին` Այվազյանն ասել է, որ ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը դուրս չի եկել Ղարաբաղի սահմաններից, և ադրբեջանցի փախստականները չեն կարող այդպիսին համարվել: Միաժամանակ նա նշել է, որ եթե Ադրբեջանի հայերի շահերը, որոնք տուժող կողմ են այս հակամարտությունում, հաշվի չեն առնվում, ապա տարածաշրջանում շատ բարդ կլինի հաստատել կայունություն: «Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի գործած հայերի ցեղասպանության մասին, ինչը և դարձել է ղարաբաղյան հակամարտության հիմնական պատճառը»,- ասել է նա: